Չորս ամիս է մնացել, որպեսզի ավարտվի «Արմեն Ա.Գ.» ՍՊԸ-ին պատկանող տաքսու վարորդ Մխիթար Սումբատյանի պատիժը:
31-ամյա Մխիթարը 2009թ. հունիսի 7-ից անազատության մեջ է եւ պահվում է արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Մխիթարի հայրը՝ Կառլեն Սումբատյանը, 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան ազատամարտի մասնակից, Հատուկ գնդի անդամ:
Մխիթարի հետ մեղադրվել է նաեւ Կապանի էլցանցի տնօրեն Տիգրան Հարությունյանը: Մինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, Հարությունյանն էլ իր պատիժը կրում էր «Դատապարտյալների հիվանդանոց» եւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկներում:
Կարդացեք նաև
Ինչ են «պարզել» ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ բաժնի եւ հերթապահ մասի աշխատակիցները, որոնց նախապատրաստած նյութերով էլ հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննության ժամանակ պարզվեց, որ իր պատիժը «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում կրող Տիգրան Հարությունյանը «Էրեբունի» ՔԿՀ-ից հեռախոսային խոսակցություններ է ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում ապրող, բայց ՀՀ քաղաքացի հորաքրոջ որդու՝ Արմեն Բոթոյանի հետ: Տիգրանը տառապում էր լյարդի հիվանդությամբ եւ դեղեր էր ստանում Ֆրանսիայից: Տիգրանը խնդրում է, որպեսզի Արմենը դեղորայքը ծանրոցով ուղարկի Հայաստան: Ծանրոցն իսկապես ուղարկվում է: Արմենի մայրն այն փոխանցում է թոռանը՝ Էդմոնդ Գրիգորյանին (Ի դեպ, նա այս գործով այդպես էլ ի հայտ չեկավ, քանի որ շրջանառու լուրերի համաձայն՝ հայրը ոստիկանության զորեղ աշխատակիցներից էր- Ռ. Մ.):
Էդմոնդը ծանրոցը տուն է տանում, ուր հագուստի եւ կոսմետիկայի հետ կար 9 հատ դեղահաբ, փաթեթավորված՝ «Տիգրանին» մակագրությամբ:
Տիգրանը հեռախոսով հեռակա ծանոթ լինելով տաքսու վարորդ Մխիթարին՝ կազմակերպում է նրա հետ Էդմոնդի հանդիպումը: Վերջինից վարորդին է փոխանցվում 9 հատ «լյարդի դեղահաբ»՝ իրականում թմրամիջոց հանդիսացող «Բուպրենորֆինը»:
Տիգրանը, որի հարազատներին մի քանի անգամ կալանավայր էր տեղափոխել Մխիթարը, թաքցնում է վարորդից «դեղահաբի» ինչ լինելը:
Ըստ ոստիկանների, Մխիթարին զանգում է անձը չպարզած մեկը՝ ոմն Վահիկ, որն էլ ասում է դեղահաբի մասին: Մխիթարը իր մոտ գտնվող 9 հատ դեղահաբից 8-ը գցում է Երեւանյան լիճը, չգիտես՝ թե որ տրամաբանությամբ, 1-ը պահելով իր մոտ՝ մինչ Տիգրանից հրահանգ կգար: Տիգրանից, ի վերջո, 6 ամիս հետո «հրահանգ» է գալիս. հանդիպել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վահե Մանուկյանի հոր հետ, նրան տեղափոխել «Կոշ», լյարդի դեղն էլ հանձնուքում, ավելի ճիշտ՝ պանրի մեջ տեղավորելով:
Վարորդը դրանում դարձյալ տարօրինակ բան չտեսնելով՝ Վահեի հոր՝ Ռոբերտ Մանուկյանի հետ գնում են «Կոշ»:
Հասնելով տեղ՝ փորձում է օգտակար լինել կալանավորի տարեց հորը, հանձնուքը հասցնել հանձնուքների համար նախատեսված սրահ:
Ընդունման կետում ստուգվում է հանձնուքի պարունակությունը, փշրում են պանիրը եւ, ով զարմանք, հայտնաբերվում է 0,4 գրամ մաքուր քաշով «Բ-8» գրառմամբ «Բուպրենորֆինը»: Փորձված կալանավորների եւ նրանց հարազատների լարած թակարդն ընկած վարորդին ոչ մեկը չհավատաց, ծեծով, ջարդով գործը բարդվեց նրա վրա: Առաջին անգամ հանցանք կատարած վարորդը ազատազրկվեց եւ հայտնվեց քրեականների հետ նույն խցում:
Քրեական գործից անջատվեց «թմրամիջոցի ապօրինի իրացման դրդած, անձը չպարզած, ոմն Վահիկի մասը»:
«Առավոտի» տեղեկություններով, անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին արագացված ընթացակարգով տեղի ունեցած դատաքննության արդյունքում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ազատազրկվեց Վահիկ Մանուկյանը: Նա վերջնական պատիժը կրելու է 2 ամիս 24 օր ժամկետով:
Կառլեն Սումբատյանը դիմել է հանրապետության գլխավոր դատախազին, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանապետին, արդարադատության նախարարին: «Հայտնել եմ, որ դատախազի, դատավորի, Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետի եւ քննիչի կոռուպցիոն գործողության հետեւանքով հանցագործների մի մասը դուրս է մղվել եւ տուժող որդիս հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում»,- ասում է Կ. Սումբատյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ