Անսալով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության՝ հայկական լրատվամիջոցներում հրապարակած կոչին՝ սատարել ու օգնության ձեռք մեկնել իրենց երկրին, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն ու զայրույթով դատապարտում է ԱՄՆ-ի, Եվրապառլամենտի եւ ՆԱՏՕ-ի գործողությունները Իրանի խաղաղասեր, աշխատասեր ժողովրդի նկատմամբ, որը մշտապես նպաստել է աշխարհի գիտության, կրթության առաջընթացին: «ԱՄՆ-ն այսօր միջազգային ժանդարմ է դարձել եւ իր կամքն է թելադրում Իրանում, Իրաքում, Աֆղանստանում եւ մի շարք այլ երկրներում: Զարմանում եմ, որ ԱՄՆ-ի այս հակաժողովրդական պահվածքին միացել են նաեւ եվրոպական երկրները»,- ասաց ընկեր Թովմասյանը՝ դատապարտելով իրանցի գիտնականների, գիտության առաջատար մարդկանց սպանությունները՝ միջուկային զենքի արգելման քողի տակ:
ՀԿԿ-ն պաշտպանում է Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին եւ ղեկավարությանը եւ կոչ անում Իրանի ժողովրդին՝ չտրվել ամերիկյան սադրանքներին. «Ոչ մի տնտեսական պատժամիջոց ծնկի չի կարող բերել Իրանի ժողովրդին, եւ այս անգամ եւս նրանք դուրս կգան այդ պայքարից հաղթանակով»,- վստահ է ընկեր Թովմասյանը:
Ն. Գ.
«Առավոտ» օրաթերթ