Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը իմ ընկերն է

Հունվար 26,2012 12:56

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցը «Առավոտ»-ին

– Մամուլում լուրեր տարածվեցին, որ Դուք թեպետ ՕԵԿ անդամ եք եւ ՕԵԿ քվոտայով եք դարձել նախարար, այժմ փորձում եք ՕԵԿ-ի գլխի վրայով թռչել, կա՞ նման բան, եւ եթե այո՝ ի՞նչն է պատճառը:

– Այդ լուրերը շատ ծիծաղելի են: Իհարկե, նման բան չկա, ես շատ լավ գիտակցում եմ, որ եթե այսօր ես աշխատում եմ որպես նախարար, ես պարտավոր եմ աշխատել նորմալ եւ իմ նախարարության, եւ իմ կուսակցության՝«Օրինաց երկրի» համար: Նաեւ ասվում է՝ հայտարարել եմ, որ չլինեն կուսակցական խաղեր: Իհարկե, իմ սկզբունքը հայտնի է՝ աշխատանքի ժամին բոլորը պետք է զբաղված լինեն միայն եւ միայն աշխատանքով: Դա ես ասել եմ բոլոր խորհրդակցությունների ժամանակ եւ ասելու եմ: Մենք ստեղծել ենք, ստեղծում ենք եւ շարունակելու ենք ստեղծել մի հզոր նախարարություն, որը պետք է օգուտ տա ազգաբնակչությանը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, որ երբ զանգահարում է փրկարար ծառայություն, իրեն օգնելու են: Փրկարար ծառայություն իրականացնելիս ոչ մեկին չեն հարցնում՝ դուք ո՞ր կուսակցությունից եք, ընդդիմությո՞ւն եք, թե՞ դիմություն: Չկա նման բան, եւ բոլոր ծառայություններն են այդպես: Փրկարար ծառայությունը, համաձայն այս ծառայության մասին օրենքի, իրավունք չունի կուսակցականացված լինել: Եթե իմացա մեկն ու մեկը կուսակցական գործունեություն է ծավալում աշխատանքի ժամին, միանգամից կհեռացնեմ. դա բոլորը լավ գիտեն: Բայց աշխատանքային ժամերից հետո, ի սեր Աստծո, ազատ են, ես ինչպե՞ս եմ զբաղվում իմ կուսակցական աշխատանքով: Աշխատանքից հետո իմ կուսակցական ընկերների հետ եմ հանդիպում, ծրագրեր ենք մշակում եւ այլն: Սա ես ասում եմ որպես քվոտայով անցած նախարար: Այժմ ուզում եմ Ձեր հարցին պատասխանել՝ որպես Արթուր Բաղդասարյանի ընկեր: Մենք մեկ օրվա ընկեր չենք, որին ինքը հանկարծ միջնորդեց, եւ նախագահը նշանակեց նախարար: Մենք վաղուցվա ընկերներ ենք: Արթուր Բաղդասարյանը եղել է պատգամավոր, ես եղել եմ շարքային ոստիկան, մենք իրար հետ աճել ենք որպես ընկերներ, միասին Ռուսաստանում պաշտպանել ենք դոկտորական թեզը, որից հետո ես ՕԵԿ շարքերն եմ ընդգրկվել որպես զինվոր եւ պարտավոր եմ իմ առջեւ դրված խնդիրները կատարել՝ եւ իմ ընկերոջ, եւ իմ կուսակցության, եւ կուսակցական ղեկավարի առջեւ: Եթե այս տարիքին ստանձնել եմ պարտավորություններ, երեկվա երեխան չեմ, որ ասեմ՝ դավաճանում եմ: Ոչ, մենք մեր առջեւ դրված խնդիրներն ունենք: Այսօր «Օրինաց երկիրը» ուժեղ է եւ ամուր կանգնած է հանրապետության նախագահի կողքին: Եվ այնպես չէ, որ մեր նախագահը ասում է՝ դու ՕԵԿ-ին մի օգնիր, Հանրապետականին օգնիր: Չկա նման բան, մեր նախագահի կողքին այսօր կանգնած են հզոր նախարարներ, հզոր մարդիկ, մենք էլ մեր կուսակցությունով ենք կանգնած երկրի նախագահի կողքին:

– Սակայն ոչ մի լուր հենց այնպես չի տարածվում, եւ եթե լուրերը տարածվում են, ուրեմն ինչ-որ մարդիկ ինչ-ինչ նպատակներ են փորձում իրականացնել. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են դրանք պտտվում Ձեր անվան շուրջ:

– Այն, որ ես նվիրված եմ իմ նախագահին, դրանում երկրորդ կարծիք չի կարող լինել: Եվ նվիրված եմ ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախագահն է: Ես նվիրված եմ նրան դեռ այն ժամանակներից, երբ ինքը իմ նախարարն էր, եւ անգամ դրանից հետո: Ես ընդգծված հարգում եմ իրեն, եւ եթե ինքն այսօր մեր երկրի նախագահը չլիներ, ապա կասեի, որ նա իմ ավագ ընկերն է: Բայց քանի որ ինքը ՀՀ նախագահն է, ես՝ որպես նախարար, այդ բանն ասելու իրավունքը չունեմ: Ես միայն կարող եմ ասել, որ նվիրված եմ նրան: Մենք մեր կուսակցությունով կանգնած ենք նրա կողքին: Իմ դժվարին պահերին ես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ եմ խորհրդակցել, նաեւ այն ժամանակ, երբ ինքը նախարար էր եւ դեռ նախագահ չէր:

– Դուք ավելի շատ երկրի նախագահի՞ն եք նվիրված, թե՞ Արթուր Բաղդասարյանին:

– Այդպես չի կարելի ասել: Արթուր Բաղդասարյանը, իհարկե, իմ ընկերն է, մեր կուսակցության առաջնորդը եւ նրա կողքին, նրա հետ մեր կուսակցությամբ գնալու ենք առաջ եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինենք մեր երկրի նախագահի կողքին:

– «Օրինաց երկրի» վարկանիշը, Ձեր կարծիքով, այսօր բավարա՞ր է նորից մարդկանց քվեներն ակնկալելու համար, ժամանակին այդ վարկանիշը բավականին ընկավ հայտնի դեպքերի բերումով, այսօր ինչպիսի՞ն են ՕԵԿ-ի սպասելիքները:

– Ես չեմ ընդունում, որ մեր կուսակցության վարկանիշն ընկավ: Արթուր Բաղդասարյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին, եւ դա շատ ճիշտ քայլ էր: Արթուր Բաղդասարյանն այսօր այն քաղաքական գործիչն է, ով ունի իր դեմքը, ինքը միակ գործիչն է եղել, որ իր ձեռքով գրեց եւ հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից՝ դառնալով ընդդիմություն: Ինքը վախկոտ տղա չի, եկեք սրանից սկսենք, ինքը պաշտոնի համար չկանգնեց Սերժ Սարգսյանի կողքին, ոչ, ինքը զգաց, որ այդ պահին եթե հանկարծ սխալ քայլ արվի, գուցե ամբողջ երկիրը գնա անդունդ: Իսկ մեր հարեւանները, իհարկե, սպասում են, որ մեր երկրում լարված վիճակ ստեղծվի: Այդ պատճառով յուրաքանչյուրը պետք է մտածի, թե որ քայլն է ճիշտ: Ես համոզված եմ, որ 2008-ին Արթուր Բաղդասարյանի քայլը շատ ճիշտ էր, ինքը ճիշտ է կողմնորոշվել՝ կանգնելով Սերժ Սարգսյանի կողքին: Տեսեք, թե վերջին տարիներին մեր երկիրը ինչ զարգացում ապրեց: Ինչ վերաբերում է կուսակցության վարկանիշին, ապա այն բարձր է, եւ եթե դուք ամեն հինգշաբթի գաք կուսակցության գրասենյակ, կտեսնեք, թե մեր կուսակցության քաղխորհրդի նիստերին որքան մարդ է գալիս եւ անդամագրվում մեր կուսակցությանը:

– Դուք ղեկավարում եք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը, ինչպես տեսա, ոչնչից դարձրել եք շատ հզոր կառույց, իսկ քաղաքական դաշտո՞ւմ. հնարավոր համարո՞ւմ եք արտակարգ իրավիճակներ ընտրական գործընթացներում:

– Աստված չանի, որ արտակարգ իրավիճակներ լինեն, դա մեր այս փոքրիկ երկրի վերջի սկիզբը կհանդիսանա: Մենք բոլորս, քաղաքական գործիչները եւ մյուսները, յուրաքանչյուր քայլն անելիս պարտավոր ենք շատ լրջորեն եւ խորը մտածել: Իհարկե՝ կարող են լինել արտակարգ իրավիճակներ, եթե քաղաքական գործիչները ճիշտ չկողմնորոշվեն: Ես համոզված եմ, որ գործիչները բավարար խելացի են, որ մտածեն իրենց երեխաների, մեր ազգի ապագայի մասին: Մեր նախարարության օրինակով ասեմ՝ մենք արել ենք ամեն ինչ, որ մեր քաղաքացին իրեն շատ լավ զգա, որ երբ զանգահարի 911 ծառայություն, իրեն պատասխանի շատ բարեկիրթ ձայն եւ ոչ թե լսի կոպիտ պատասխան: Իհարկե, սկիզբը դժվար է, բայց մենք դա անելու ենք: Նույնն անելու է մեր «Օրինաց երկիրը»՝ իր քաղաքական ծրագրերով: Ես նախարարության աշխատանքով ձգտում եմ բարձրացնել կուսակցության իմիջը: Համոզված եղեք, «Օրինաց երկիր» կուսակցությունը ընտրություններից հետո, այո, կտոնի իր հաղթանակը:

– Դուք մտադրություն ունե՞ք դառնալ պատգամավոր:

– Ինչպես կորոշի թիմը:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031