Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանում քաղաքական պայքարն անբովանդակ է:
– Պարոն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ, ինչո՞վ են տարբերվելու առաջիկա ԱԺ ընտրությունները նախորդներից: Արդյոք ներկայիս հիմնական դերակատարներն ու քաղաքական մթնոլորտը կարո՞ղ են հույս ներշնչել, որ այս ընտրությունները կլինեն եթե ոչ «աննախադեպ թափանցիկ»՝ ինչպես խոստացել է իշխանությունը, ապա գոնե պակաս վիճահարույց:
– Միանգամից ասեմ, որ ես ոչ միայն չեմ կիսում իշխանությունների «պանգլոսյան» լավատեսությունը, այլեւ խորը տագնապ եմ ապրում, երբ վերլուծելով մեր անցած ճանապարհը՝ փորձում եմ պարզել այս ընտրարշավի առանձնահատկություններն ու դրանցից բխող վտանգավոր մարտահրավերները: Բանն այն է, որ մեզանում խորհրդարանական ընտրությունները միշտ անցել են համեմատաբար հանգիստ եւ պակաս լարված մթնոլորտում, քան նախագահական ընտրությունները: Որպես հետեւանք՝ հետընտրական զարգացումներն էլ ԱԺ ընտրությունների պարագայում երբեք չեն եղել նույնքան սուր, պետության համար նույնքան ցավագին ու պայթյունավտանգ, որքան նախագահական ընտրությունների դեպքում: Ոչ 1995, ոչ 1999, ոչ 2003, ոչ 2007 թվականների ԱԺ ընտրությունները չեն դիտվել որպես ամբողջական իշխանափոխության բանալի: Այդ դրական տարբերությունը առաջին հերթին պայմանավորված էր մի կողմից՝ կուսակցական դաշտի եւ մյուս կողմից՝ նախագահական իշխանության տարանջատվածությամբ, այն իրողությամբ, որ երկրի նախագահը անմիջականորեն, անհատապես չէր մասնակցում միջկուսակցական պայքարին: Ի շնորհիվ դրա իշխանության նախագահական ինստիտուտը հնարավորություն ուներ, վեր կանգնելով միջկուսակցական գզվռտոցից, հակակշռել կուսակցական հատվածապաշտությանը եւ հանդես գալ անաչառ արբիտրի դիրքերից: Այդպիսով երաշխավորվում էր իշխանության նախագահական ինստիտուտի հակաճգնաժամային ներուժի օգտագործումը՝ ազգային միասնությունը հիմնականում պահպանելու հնարավորությունը:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ սոցիալական ճգնաժամի եւ դրանից բխող միջկուսակցական պայքարի սրման պայմաններում նախագահի կուսակցականացումը, նախագահական իշխանության «պոդիումից» մարտնչող գլադիատորների «արենա» նրա գահավիժումը կարող են իր եւ իր ղեկավարած պետության համար ունենալ կործանարար հետեւանքներ: Այսօր Սերժ Սարգսյանին տխրահռչակ կայսր Կոմմոդի դառը ճակատագիրն է սպառնում: Նրա մասնակցությունը ԱԺ ընտրություններին հանցագործությունից ավելի վատ է՝ քաղաքական ինքնասպանություն է: Կուզենայի հուսալ, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն իրեն զոհաբերվելու տանող սեփական կուսակցական եւ արքունիքային շրջապատի, կասկածի տակ չի դնի իմ սրտացավությունը, մտահոգությունը մեր պետության ճակատագրով, ինչը նրան անդունդի եզրից հետ կանգնելու հնարավորություն կտա: Չափազանց բնութագրական է, որ Եվրոպայի ամենակայուն եւ ամենաբարգավաճ երկրում՝ Գերմանիայում, իշխանության նախագահական ինստիտուտը ապակուսակցական է եւ, որպես այդպիսին, երաշխավորում է գերմանական սոցիումի միասնականությունն ու ներդաշնակությունը:
Կարդացեք նաև
– Հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո զարգացած երկրներում քաղաքական գործընթացներն առավել ցցուն կերպով սկսեցին ընթանալ տնտեսական ծրագրերի շուրջ: Տնտեսական խնդիրները եվրոպական մի քանի երկրների կառավարությունների հրաժարականների պատճառ դարձան: Մինչդեռ մեզ մոտ ներքաղաքական գործընթացների շարժիչ ուժն ավելի շատ ներքաղաքական ինտրիգներն ու հռչակագրային գաղափարական պայքարն է, քան երկրի մտահոգիչ տնտեսական վիճակը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է դրա պատճառը:
– Ներքաղաքական ինտրիգների եւ հռչակագրային զեղումների առատությամբ, համաձայն եմ, մեր քաղաքական ուժերի հետ մրցակցելն անհնարին է: Սակայն այդ պայքարը գաղափարական չէ: Դրա ապագաղափարական ու բովանդակազուրկ լինելու ապացույցներից մեկն էլ հենց այն է, որ ոչ մի առնչություն չունի երկրի առջեւ ծառացած տնտեսական մարտահրավերների հետ: Ինքնանպատակ պայքար է՝ «պայքար, պայքար մինչեւ հեչ» կարգախոսով, որովհետեւ դրա վերջում չի նշմարվում ավելի արդյունավետ կառավարման հեռանկար: Որպեսզի կառավարումը լինի արդար, այն պետք է լինի արդյունավետ: Ամերիկյան հայտնի քաղաքագետ Արթուր Շլեզինգերը գրում է, որ բոլոր կառավարիչներին կարելի է դասել երկու տիպի: Առաջին տիպը նյութական բարիքներ ստեղծող, երկիրը շենացնող, արտադրությունը, տնտեսությունը զարգացնող տիպն է: Երկրորդ տիպը մսխողների, զազրախոսների եւ բանսարկուների տիպն է: Այդ երկրորդ տիպը միշտ գալիս է հողմացրիվ անելու, մսխելու այն, ինչ կուտակել են նախորդ շրջանում նյութական բարիքներ ստեղծողները: Այդպես եղավ 90-ական թվականներին: Նույնը կատարվեց վերջին տարիներին: Սակայն, ինչպես ասված է Աստվածաշնչում, քարերը հավաքելու ժամանակը մոտիկ է. մարդիկ կարոտում են զրոյական թվականների կայունությունն ու տնտեսական հարաբերական բարօրությունը: Մարդիկ հիշում են, որ 1998թ.-ին նույնպես խորը տնտեսական ճգնաժամ էր. Ռուսաստանում այն բերեց դեֆոլտի, իսկ Հայաստանում 1999թ.-ին՝ բյուջեի սեկվեստրի (ծախսային մասի կրճատման): Սակայն արդեն 2000թ.-ից ռուսաստանյան դեֆոլտի ծանր հետեւանքները, որոնք պայմանավորված էին մեր տնտեսության օբյեկտիվ կախվածությամբ Ռուսաստանի տնտեսությունից, ընդամենը երկու տարվա ընթացքում հաղթահարվեցին: Այսօր Ռոբերտ Քոչարյանի հասցեին զազրախոսություններով զբաղվելու փոխարեն՝ պետք է ուսումնասիրել եւ օգտագործել ճգնաժամը շուտափույթ հաղթահարելու եւ տնտեսությունը զարգացնելու զրոյական թվականների դրական փորձը:
– Նախնական կանխատեսմամբ՝ ինչպիսի՞ն եք տեսնում ընդդիմադիր ուժերի, այդ թվում եւ ՀԱԿ-ի ներգրավվածությունը գալիք ԱԺ-ում:
– Այդ հարցին ես կպատասխանեմ փետրվարի 12-ից՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունից հետո: Եթե ՀԱԿ-ը չկարողանա ապահովել Սասուն Միքայելյանի հաղթանակը, ապա կոնգրեսականները ԱԺ ընտրություններին չեն խուսափի լիակատար ձախողումից: Այդ դեպքում ՀԱԿ-ը իր ներկայիս կազմով չի էլ հասնի ընտրությունների օրվան: Ինձ զարմացնում է, որ ՀԱԿ-ի ղեկավարները, կարծես չգիտակցելով այդ դաժան իրողությունը եւ բոլորից առաջ ընկնելով, այսօր քննարկում են ԱԺ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության հնարավոր ձեւաչափը, մինչդեռ ակնհայտ է, որ այս պահին ՀԱԿ-ը Սասունի ընտրությունից զատ՝ ուրիշ պրոբլեմ չպետք է ունենար: Սասունի հաջողությունը կարող է ուժ ներարկել ՀԱԿ-ի հանգչող օրգանիզմին:
ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ