Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից կուռքերի մասին

Հունվար 26,2012 12:44

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ որեւէ երկրում բացվի Վացլավ Հավելի, Անդրեյ Սախարովի կամ, ասենք, Մահաթմա Գանդիի երկրպագուների ակումբ: Եթե նույնիսկ այդպիսի ակումբներ կան, ապա հաստատ ո՛չ վերոհիշյալ մարդիկ, ո՛չ էլ նրանց ժառանգները նման նախաձեռնությունը չէին ողջունի: Որովհետեւ երկրպագել որեւէ մարդու՝ նշանակում է աչք փակել նրա սխալների եւ թերությունների վրա, նրանից կուռք սարքել, ինչը հակասում է թե՛ բարոյական արժեքներին, թե՛ առողջ բանականությանը եւ թե՛ այն գաղափարներին, որոնց համար վերոհիշյալ մարդիկ պայքարում էին: Բացի այդ, երկրպագությունն իր մեջ պարունակում է կեղծավորության, ստիպողականության տարր: Օրինակ, միլիոնավոր հյուսիսկորեացիներ լաց էին լինում Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ: Անկեղծորե՞ն: Դժվար թե, որովհետեւ նրանց, ովքեր այդ թաղման ժամանակ քիչ էին լացում, ազատում էին աշխատանքից: Ոմանք էլ իրենց ողբի վերաբերյալ տեղեկանքներ էին բերում՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Խոսքը նախեւառաջ հասարակական, քաղաքական եւ պետական գործիչների անձերի մասին է, որովհետեւ եթե ես, օրինակ, երկրպագում եմ Թումանյանի կամ Համո Սահյանի ստեղծագործությանը, դա, ինձ թվում է, միանգամայն նորմալ երեւույթ է: Երկրպագություն են պահանջում, ինչպես տեսնում եք, ավտորիտար տիպի գործիչները, որովհետեւ նրանց բավարար չեն պարզապես կողմնակիցները կամ զինակիցները, նրանց պետք է անվերապահ հիացմունք՝ իրենց ցանկացած բառի կամ քայլի կապակցությամբ: «Սեւի» եւ «սպիտակի» բաժանումն անցնում է հենց այդ գծով. կամ դու «ժողովրդի հետ ես», կամ «ժողովրդի թշնամի ես»: Պատահական չէ, որ վերջին հասկացությունը ներմուծել է Ստալինը, քանի որ նա վստահ էր, որ ժողովրդի մարմնավորումը եւ միաժամանակ «հայրը» հենց ինքն է:

Ցավոք, ժամանակակից հայ քաղաքական գործիչներից շատերը նույնպես չեն խուսափում «երկրպագվելու» գայթակղությունից եւ, այսպես կոչված, «ֆան քլաբերից»: Այդպիսիք են ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, Գեղամյանը, Հայրիկյանը եւ շատ ուրիշներ: Չափազանց տարբեր մարդիկ լինելով՝ նրանք սերում են միեւնույն դարաշրջանից՝ թեեւ նրանցից ոմանք կոշտ ձեւով հակադրվել են խորհրդային համակարգին:

Բայց այս ամենը դեռ այնքան սարսափելի չէ, որքան օտարերկրյա պետական գործչի երկրպագուների ակումբ ստեղծելը: Խոսքը, ինչպես հասկացաք, Երեւանում ստեղծվելիք «Պուտին» ակումբի մասին է: Դրանից ոչ միայն «սովետի», այլեւ գաղութի եւ գավառական ստորաքարշության հոտ է գալիս, քանի որ այդպիսով այդ նախաձեռնության հեղինակներն ուզում են ավելորդ անգամ վիզ ծռել «մեծ եղբոր» առաջ:

…Իսկ, օրինակ, «Ռեալի» եւ «Բարսելոնի» երկրպագուների ակումբներին ես նորմալ եմ վերաբերվում: Միայն թե չեմ հասկանում, թե ինչու են նրանք իրար թշնամանում: Չէ՞ որ երկու թիմերն էլ, կարծես թե, լավ ֆուտբոլ են խաղում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031