Հայերին համակրանքով է վերաբերվում մոսկվացիների երեք եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչների միայն երկու տոկոսը: Սա են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի` օրերս հրապարակած հետազոտության արդյունքները:
Ռուսաստանցի սոցիոլոգները փորձել են պարզել` հատկապես որ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ են առավել դրականորեն կամ բացասաբար տրամադրված Ռուսաստանի խոշորագույն երկու մեգապոլիսների բնակիչները:
Ամենից դրականը մոսկվացիներն ու պետերբուրգցիները տրամադրված են սլավոնական ծագում ունեցող ազգերի` ռուսների, ուկրաինացիների ու բելառուսների հանդեպ:
Հակակրանքի առումով առաջատարը կովկասցիներն են: Հարցմանը մասնակցած մոսկվացիների 31 եւ Պետերբուրգի բնակիչների 28 տոկոսը նշել են, որ Կովկասից իրենց քաղաքներ տեղափոխված մարդկանց հետ շփումների ընթացքում հիմնականում բացասական ապրումներ են ունենում:
Կարդացեք նաև
Կովկասյան ազգերից էլ ռուսներն առավել մեծ հակակրանքով են տրամադրված ադրբեջանցիների նկատմամբ` 17 տոկոսը` Մոսկվայում, եւ 11 տոկոսը` Պետերբուրգում: Երկրորդ տեղում չեչեններն են` համապատասխանաբար 12 եւ 8 տոկոս: Հայերի հետ շփումը բացասական հույզեր է առաջացնում մոսկվացիների 6 եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բնակիչների 3 տոկոսի մոտ:
Այս հարցմամբ, ի դեպ, Պետերբուրգը կրկին վերահաստատել է իր ամենաեվրոպականացված ռուսական քաղաքի համբավը: Սանկտ Պետերբուրգում բավական դրական են վերաբերվում գերմանացիներին, անգլիացիներին ու եվրոպացիներին ընդհանրապես:
Ամենից բացասաբար Մոսկվայի ու Պետերբուրգի բնակիչները տրամադրված են տաջիկների հանդեպ: Երկու քաղաքներում էլ հարցվածների մոտ մեկ քառորդը նշել են, որ տաջիկների հետ ցանկացած շփում իրենց մոտ անթաքույց տհաճություն է առաջացնում: Տաջիկների նկատմամբ դրական է տրամադրված մոսկվացիների միայն երեք տոկոսը: Սանկտ Պետերբուրգում այս ազգության նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող անձանց սոցիոլոգները ընդհանրապես չեն հայտնաբերել:
Այս առումով ավելի վատթար վիճակում են միայն ադրբեջանցիները: Նրանց համակրողների թիվը երկու քաղաքներում էլ մեկ տոկոսից քիչ է:
Ազատություն Ռադիոկայան