Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի տարածքում գտնվող հուշարձանները վտանգված են (Տեսանյութ)

Հունվար 26,2012 14:40

Թեղուտի շուրջ 1500 հա տարածքում կան մեծ թվով հուշարձաններ: Այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը, որը Շնող գյուղից է: Նա նշեց, որ պեղումները դեռ նոր են սկսվել, բայց այն փաստը, որ հայտնաբերվել են հուշարձաններ՝ փաստ է. դրանցից մի մասը թվագրվում են շուրջ հինգ հազար տարվա:

Ս. Հոբոսյանի խոսքով, հուշարձանները վտանգված են մասնավորապես Դուքանաձոր տեղամասում, որը գտնվում է բուն հանքավայրի տարածքում: Դուքանաձորում է եղել միջնադարյան ձուլարան, որից ըստ արշավախմբի ղեկավարի, պահպանվել է շատ քիչ բան: Շինությունից մնացել է 1/5-րդ մասը, հիմնականում պահպանվել են հալված մետաղի հետքեր:

Հաջորդ տեղամասում, որը հենց Թեղուտի տարածքն է, պեղել են միջնադարյան երեք հնձան: Ս. Հոբոսյանի խոսքով, վտանգված են հատկապես պոչամբարի տարածքում գտնվող հուշարձանները: Դրանցից է Խառատաձորում գտնվում հուշարձաններից մեկը, որը գտնվում է նախատեսվելիք պոչամբարի տարածքում է եւ վերանալու է: Ս. Հոբոսյանը հայտնեց, որ միայն 40 դամբարան պեղել են պոչամբարի տարածքում: Արշավախմբի ղեկավարն առանձնացրեց մի քանի հուշարձան, որոնք պետք է տեղափոխվեն` օրինակ Բովերի միջնադարյան եկեղեցին, որն ըստ նրա, նախատեսված է տեղափոխել Շնող գետի ափին գտնվող ֆուտբոլի դաշտի տարածք: Սակայն Ս. Հոբոսյանը գտնում է, որ կան հուշարձաններ, որոնց տեղափոխումը նպատակահարմար չէ: Նա մասնավորապես անիմաստ համարեց պեղած 14 դամբարանների տեղափոխումը :

«Կառավարությունը տուրիզմը համարել է տնտեսության գերակա շահ, բայց իր անգործունեության շնորհիվ չի կարեւորում: Այդ բնագավառում  կարելի էր ավելի շատ աշխատատեղ ստեղծել, քան հանքարդյունաբերության ոլորտում»,- կարծում է «Թռչկան» եւ «Թեղուտ» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ, բնապահպան – ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը եւ հավելում, որ հանքավայրը շահագործելով, ոչնչացնում ենք ոչ միայն պատմական շերտերը, այլեւ դրանց միջոցով գումար աշխատելու հնարավորությունը:

Նշենք, որ ասուլիսին ներկա լրագրողները Սուրեն Հոբոսյանի պատասխաններից բավարարված չէին, քանի որ վերջինիս պատասխանները հակասական էին: Արմատներով շնողցի Ս. Հոբոսյանը մի կողմից խոսում էր հուշարձանների ոչնչացման մասին, մյուս կողմից արդարացնում «Վալլեքսին». «Ինձ համար մեծ ցավ է, այս բայց պետք չի նաեւ հրեշի պատկերացում տալ «Թեղուտ» կազմակերպությանը»: Ընդգծենք, որ արշավախումբը ձեւավորվում է ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կողմից, իսկ ֆինանսավորումն իրականացնում է «Վալլեքսը»:

Ի դեպ, ասուլիսն ամբողջությամբ նկարահանողներից մեկն էլ չգիտեր, թե ում համար է ինքն աշխատում: Երբ հետաքրքվեցինք, թե որ լրատվամիջոցից է, ասաց, որ իրեն միայն խնդրել են նկարել եւ տեղյակ չէ, թե ով:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031