Հաղորդել ենք, որ ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը հանդես էր եկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն որպես հրատապ հարց ԱԺ-ում քննարկվել ու մերժվել էր: ՀՅԴ խմբակցության պատգամավորները դեռ այն ժամանակ էին դիմել իրենց գործընկերներին՝ առաջարկելով այդ հարցով դիմել Սահմանադրական դատարանին: Արդեն իսկ պատրաստ է ՍԴ դիմումի նախագիծը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
Դիմում
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 16-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-174-Ն հրմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (մասնակի) հակասող և անվավեր ճանաչելու մասին:
1. Վեճի բնույթը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական Դատարան դիմելու իրավունքը
Կարդացեք նաև
1.1 Սույն դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 101 հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ԱԺ կանոնակարգ օրենքի 1101 հոդվածով, ՙՍահմանադրական Դատարանի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68 հոդվածներում ամրագրված իրավունքի հիման վրա:
1.2 Դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 5, 6, 30 և 85-րդ հոդվածներին, ՙԲյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք) 6-րդ և 16-րդ հոդվածների և ՙՀայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին՚ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-174-Ն հրամանագրի (այսուհետև` Հրամանագիր) համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
1.3 Դիմումում արծարծված հարցերն ունեն սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն և դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում.
ա. հստակեցնել, որ Սահմանադրությամբ նախատեսված ՙկառավարության ծրագիր՚ եզրույթը ունի կոնկրետ սահմանադրաիրավական բովանդակություն, ենթակա է պարտադիր կատարման և այն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելը, անկախ պատճառից հանգեցնում է կոնկրետ իրավական հետևանքի,
բ. Ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր, կառավարության ծրագիրը փոփոխելու, ինչպես նաև ծրագիրը չկատարելու դեպքում կառավարության պատասխանատվությունը ամրագրելու համար,
գ. փաստել, որ սույն մասի ա) և բ) կետերում նշված հարցերի առնչությամբ ՀՀ իրավական համակարգում առկա է իրավակարգավորման բաց, ինչը խեղաթյուրում է իշխանությունների բաժանման (տարանջատման) և հավասարակշռման (փոխադարձ զսպումների) սահմանադրական սկզբունքը, խոչընդոտում է քաղաքացիների` (ընտրողների) Սահմանադրության 30-րդ հոդվածով նախատեսված պետական կառավարմանը մասնակցելու իրավունքի, ինպես նաև մարդու իրավունքների և հանրային շահերի պաշտպանության ոլորտում պետության գործառույթի իրականացմանը:
2. Վիճարկվող դրույթների վերլուծությունը
2.1 Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
2.2 Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաև անմիջականորեն և կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք:
2.3 Սահմանադրության 5-րդ և 85-րդ հոդվածների ուժով, կառավարությունը և պաշտոնատար անձինք, լիազորված են (իրավասու են) կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է, որ սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։
2.4 Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն Կառավարությունը Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը. պետական բյուջեի նախագիծը, ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով, կառավարում է պետական սեփականությունը, իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական, տարածքային զարգացման, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում պետական քաղաքականությունները, ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը, հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ:
2.5 Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն կառավարության ծրագիրը հավանության է արժանանում Ազգային ժողովի որոշմամբ: 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններով ամրագրված այս դրույթի ներքո ՀՀ բոլոր 3 Կառավարությունների ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերով (16.05.2007 թիվ Ն-341-3, 26.06.2007 թիվ Ն-013-4, 30.04.2008 թիվ Ն-074-4:
2.6 Հրամանագրով հաստատաված կարգի 21-րդ կետի համաձայն. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է կառավարության ծրագրին համապատասխան:
2.7 Ազգային ժողովի 30.04.2008 թիվ Ն-074-4 որոշմամբ հավանության արժանացած կառավարության ծրագիրը, կառավարության լիազորություններն ամրագրող Սահմանադրության 89-րդ հոդվածի ուժով, մասնավորապես ներառում է կառավարության գործունեության հիմնական գերակայությունները, ուղղությունները, այդ գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները, որոնք նպատակաուղղված են ապահովելու Սահմանադրության 2-րդ գլխում սահմանված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ իրավունքները, որոնք որպես պետության հիմնական խնդիրներ ձևակերպված են նաև Սահմանադրության 48-րդ հոդվածում:
2.8 Օրենքի 6-րդ և 16-րդ հոդվածների համաձայն պետական բյուջեի նախագիծը կազմվում է կառավարության գործունեության ծրագրին համապատասխան և ներառում է` (ա) կառավարության բյուջետային ուղերձը, (բ) պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, (գ) պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:
2.9 Սահմանադրության 77-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ:
2.10 Մեր կարծիքով, վերը նշված նորմերը փաստում են, որ Սահմանադրության համաձայն իշխանության կրողը ժողովուրդն է, որն այն իրականացնում է անմիջականորեն և ներկայացուցչական հիմունքներով: Եթե անմիջականի դեպքում իշխանության կրողն ինքն է իրականացնում իր իշխանությունը (ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով), ապա ներկայացուցչականի դեպքում իշխանությունն իրականացվում է մասնավորաբար Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր մարմնի` Ազգային ժողովի և ընտրովի Նախագահի միջոցով: Այլ կերպ ասած. Ժողովուրդն այս դեպքում իր կամքն արտահայտում է ոչ թե ուղղակիորեն, այլ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, որոնց հանձնարարում է իր լիազորությունների իրականացումը` որոշակի ժամկետով: Հետևաբար Ազգային ժողովն ու նախագահը պետք է արտահայտեն ժողովրդի կամքը և շահերը: Այս համատեքստում է ձևավորվում և գործում ՀՀ կառավարությունը, որը Սահմանադրության 74-րդ հոդվածի ուժով, կազմավորումից հետո 20 օրվա ընթացքում, իր ծրագիրն է ներկայացնում Ազգային ժողովի հավանությանը: Ծրագրային, այլ ոչ թե անձնավորված կառավարության հիմնական գործառույթներից է հավանության արժանացած ծրագրով առաջնորդվելն ու այն իրականացնելը: Ծրագրային կառավարության գործունեության նկատմամբ իշխանության միակ կրողի` ժողովրդի, հսկողությունն իրականացվում է Նախագահի և խորհրդարանի միջոցով: Սրանով է հենց պայմանավորված կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու այս 2 ինստիտուտների սահմանադրական իրավունքը:
2.11 Մեր համոզմամբ ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր ծրագրի իրականացումը պետք է զուգակցվի կատարման ընթացքի մասին հաշվետվության և գնահատումների ներկայացմամբ: Ծրագրային կառավարության պարագայում այն առավել քան կարևոր է, քանի որ նախ այդ ծրագիրը վերաբերում է Սահմանադրությամբ ամրագրված մարդու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրեթե բոլոր իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաև պետության ստանձնած պարտավորություններին: Օրինակ Սահմանադրության 34-րդ հոդվածը սահմանում է, որ պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի յուրաքանչյուր ոք ունենա իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակ: Այս նորմի, ինչպես նաև դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող Սահմանադրության 2, 5, 6, 30, 48, 74, 85 և 89-րդ հոդվածներվ ամրագրված նորմերի իրականացման շրջանակներում անհրաժեշտ միջոց է համարվում կառավարության ծրագիրն ու դրա իրականացումը: Հետևաբար ակնհայտ է, որ կառավարության ծրագրով ստանձնած պարտավրությունների կատարման ընթացքն ու արդյունքները մշտապես պետք է գտնվեն իշխանության միակ կրողի` ընտրողի, ուշադրության կենտրոնում:
2.12 Չնայած նրան, որ Հրամանագրով հաստատված կարգի 21-րդ կետն ու Օրենքի 6-րդ և 16-րդ հոդվածներն ամրագրում են, որ կառավարության գործունեությունը պետք է կազմակերպվի կառավարության ծրագրին համապատասխան, սակայն այս իրավական ակտերը չեն ամրագրել դրույթներ, որոնց համաձայն պետք է ներկայցվի տեղեկատվություն կառավարության ծրագրի կատարման ընթացքի, ծրագիրն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու ակնհայտ հիմքերի կամ ողջամիտ կանխատեսումների պայմաններում կառավարության նախատեսվելիք գործողությունների, ինչպես նաև ծրագրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Այսպիսի տեղեկատվության ներկայացումը ներկայացուցչական մարմնի համար հիմք է հանդիսանում համարժեք գնահատում տալու կառավարության գործունեությանը, որով նաև իրացվում է ընտրողի, Սահմանադրության 30-րդ հոդվածով նախատեսված ներկայացուցչի միջոցով պետական կառավարմանը մասնակցելու իրավունքը:
2.13 Նախորդ կետում նշված խնդիրն ավելի է կարևորվում, քանի որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսել ընտրովի ներկայացուցիչների հետկանչի կառուցակարգ, որի դեպքում անգործություն դրսևորող կամ կառավարության բացասական գործունեությունը պարտակող իշխանության կրողի ընտրված ներկայացուցիչը նույն ընտրողի կողմից կարող է հետ կանչվել մինչև ընտրված ներկայացուցչի լիազորությունների ժամկետի ավարտը: Մինչդեռ կառավարության ծրագիրը, որն հավանության է արժանացել խորհրդարանի կողմից, ստանալով նորմատիվ իրավական ակտի կարգավիճակ պարտադիր կատարման է ենթակա ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական տեսանկյունից: §Իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանարապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն: Մյուս կողմից, Սահմանադրության 5-րդ և 85-րդ հոդվածների համաձայն, կառավարությունը չի կարող օրենքով նման լիազորություն չունենալու պայմաններում, կամայականորեն փոփոխել իր ծրագիրը` դրանով նախատեսված առանձին գործողություններ չիրակնացնելով, գերակայությունները և գործունեության արդյունքային ցուցանիշները փոփոխելով:
2.14 Այսպիսով, կառավարության ծրագիրը հաստատվելով կառավարությունում և հավանության արժանանալով Ազգային ժողովի կողմից` ենթակա է պարտադիր կատարման: Ոչ Հրամանգիրը, ոչ Օրենքը և ոչ էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրական որևէ ակտ չի նախատեսել ծրագրի փոփոխության հնարավորություն, ինչպիսի պայմաններում ծրագրային կառավարության գործունեության կազմակերպումը կարող է կատարվել Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
2.15 Մյուս կողմից Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
2.16 Պարզ համեմատության միջոցով հանգում ենք այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում առկա է իրավակարգավորման բաց, ինչպիսի երևույթի ՀՀ Սահմանադրական դատարանը անդրադարձել է դեռևս 2010 թվականի փետրվարի 5-ի իր թիվ ՍԴՈ-864 որոշմամբ` ամրագրելով, որ Սահմանադրական դատարանը անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
2.17 Ելնելով վերը նշվածից կարող ենք եզրակացնել, որ ՙԲյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 16-րդ հոդվածների, ինչպես նաև ՙՀայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին՚ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-174-Ն հրամանագրի դրույթները, որքանով, որ չեն պարունակում կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու, կառավարության ծրագիրը ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու ակնհայտ հիմքերի կամ ողջամիտ կանխատեսման դեպքում այն փոփոխելու լիազորություն (պահանջ) կամ այլ իրավական հետևանք, հակասում են ՀՀ Սահմանադրության 2, 5, 6, 30 և 85 հոդվածների դրույթներին:
3. Հաշվի առնելով վերոգրյալը
Բարձր Դատարանից խնդրում ենք`
3.1 Նկատի ունենալով այն, որ ՙԲյուջետային համակարգի մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 16-րդ հոդվածների, ինչպես նաև ՙՀայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին՚ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-174-Ն հրամանագրի դրույթները, չեն պարունակում այնպիսի նորմեր, որոնց համաձայն կառավարությունը պարտավոր է կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն, ինչպես նաև, երբ ակնհայտ է կամ ողջամտորեն կանխատեսվում է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ կամ մասնակի չի կատարվելու, ապա կառավարության գործունեությունը ծրագրին համապատասխանեցնելու համար պետք է փոփոխի և Ազգային ժողովի հավանությանը ներկայացնի կառավարության փոփոխված ծրագիրը, ինչպես նաև այն, որ այդ դրույթների չկատարումը առաջացնում է կոնկրետ իրավական հետևանքներ (այդ թվում` կառավարության լիազորությունների դադարեցման համար), Օրենքի և նախագահի ՆՀ 174-Ն հրամանագրի հիշյալ դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 2, 5, 6, 30 և 85 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: