Արդեն մի քանի ամիս է «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» հայտարարում են, որ բանակցում են գաղափարական դաշինք կազմելու եւ այդ դաշինքի շրջանակներում առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու շուրջ։ Թե այդ բանակցությունները երբ եւ ինչ շոշափելի արդյունք են ունենալու, համենայնդեպս «Ազատ դեմոկրատներում» դեռ դժվարանում են ասել։
Հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ անց «Ժառանգությունը» չուզենա ձեզ հետ միասնական ցուցակով մասնակցել ընտրություններին՝ երեկ հարցրինք «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանին։ «Բանակցությունները շարունակվում են արդյունավետ, ընտրական դաշինքը կարելի է համարել կայացած եւ ոչ միայն «Ժառանգության», այլեւ շատ այլ ուժերի հետ, որոնք կողմ են ընտրությունների արդարության համար համատեղ պայքարին։ Ինչ վերաբերում է գաղափարական դաշինքին, որի մեջ է մտնում նաեւ նույն ցուցակով ընտրություններին մասնակցությունը, այդ առումով «Ժառանգության» հետ բանակցությունները գնում են դրական ուղիով, եւ երբ որեւէ շոշափելի արդյունք լինի, անմիջապես մամուլին կտեղեկացնենք»,- ասաց Սեդրակյանը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Ժառանգությանը» եւ «Ազատ դեմոկրատներին» միավորող գաղափարը, որի վերնագիրը մեզ փոխանցեց Անուշ Սեդրակյանը. «Մարդու իրավունքների ազատականացման եւ ժողովրդավարացման պրիորիտետները եւ դրան ուղղված մարտավարական նույնականացումը»:
«Հայկական ժամանակ»