Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցին բերանը կարելով՝ հայտարարել է անժամկետ հացադուլ

Հունվար 26,2012 11:13

Ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում կատարելու համար 8 տարվա ազատազրկման դատապարտված վանաձորցի 20-ամյա Ռուբեն Գեւորգյանը կարել է բերանն ու հայտարարել անժամկետ հացադուլ:

Նույն արարքի համար 7 տարվա ազատազրկման դատապարտված Սերգո Հարությունյանի հայրը «Առավոտին» հայտնեց, որ այսօր իրեն է զանգահարել ծանոթներից մեկն ու հայտնել այդ մասին: «Տեսակցության էր գնացել իր մոտիկի մոտ, իմացել էր, մեզ ասաց: Անհանգստացած ենք, չենք իմանում` ինչ անենք»:

Նա կասկած է հայտնում, որ իր որդին` Սերգո Հարությունյանը, եւս կդիմի այդ քայլին, քանի որ մի քանի օր առաջ իր այցելության ժամանակ նա իրեն հայտնել էր հացադուլ հայտարարելով կայացված դատավճռին դեմ գնալու մասին:

«Համոզեցի, որ նման բան չանի, ինձ թվաց` համոզվել է, ինչ իմանամ, կարող է եւ ինքն էլ արդեն արած լինի»,-ասում է հայրը` ավելացնելով, որ որդու վիճակն այդքան էլ լավ չէ, բողոքում է սրտի ու երիկամների աշխատանքից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, 1 տարի 8 ամիս տեւած դատաքննությունից հետո, համապատասխանաբար՝ 8 եւ 7 տարվա ազատազրկման է դատապարտել Վանաձորի բնակիչներ 20-ամյա Ռուբեն Գեւորգյանին ու 19-ամյա Սերգո Հարությունյանին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տղաները, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, 2010թ. ապրիլի 23-ին, նախնական համաձայնությամբ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ հարձակվել են Վահե Ալավերդյանի վրա եւ վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել 200.000 դրամ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031