Դեռեւս ամիսներ առաջ լուրեր տարածվեցին մայրաքաղաքում վաճառվող ադրբեջանական սխտորի վերաբերյալ, պաշտոնական մարմինները հաստատեցին կատարվածը, խոստացան պարզել սխտորի՝ Հայաստան հասնելու ուղիները։ Արդեն երկար ժամանակ է անցել այդ բացահայտումից, սակայն ոչ մի տեղեկություն։
Իսկ մինչ այդ, ադրբեջանական ծագման մեկ այլ ապրանք է հայտնվել Վանաձորում, սակայն ոչ թե սխտորի, այլ շոկոլադի տեսքով։ Տեղական թերթի տարածած տեղեկատվության համաձայն՝ մոտ 10 օր առաջ խմբագրություն է դիմել մի կին եւ պատմել է, որ Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող առեւտրական տարածքից մեկ կգ-ն 1900 դրամով շոկոլադ է գնել, այնուհետ, արդեն տանը, կարդացել է կոնֆետի թղթի վրա գրված հասցեն՝ Ադրբեջան, քա֊ղաք Սումգայիթ։ Այս կապակցությամբ կապվեցինք սննդամթերքի անվտանգության ծառայության Լոռու մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գեւորգ Թումանյանի հետ։ Նա հաստատեց տեղեկատվությունը, ըստ որի՝ Վանաձորում վաճառվել է ադրբեջանական մակնշում ունեցող շոկոլադե կոնֆետ։ «Ահազանգի հիման վրա ես գնացել եմ այդ վաճառակետը, բայց կոնֆետ չենք հայտնաբերել… հավանաբար փոքր չափաբաժնով է եղել, երեւի մոտ 2-3 կգ»:
Ի դեպ, տեսչության աշխատակիցը հայտնեց, որ իրենց ձեռքի տակ կոնֆետի միայն մի նմուշ ու տուփ կա. «Եթե մի քանի հատ գոնե լիներ, կուղարկեինք փորձաքննության, բայց մի հատով չի լինում»: Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք քաղաքի այլ խանութներում եւս նմանատիպ ծագման կոնֆետ չի վաճառվել կամ վաճառվում, նշեց, որ իրենք շրջել են նաեւ այլ խանութներում, բայց նման դեպք չեն հայտնաբերել:
«Հրապարակ»