Հրազդանի քաղաքապետի ընտրություններն այն փորձաքարն ու լակմուսի թուղթն են լինելու, որն առաջիկ համապետական ընտրությունների որակի մասին մեզ շատ բան է ասելու։ Փետրվարի 12- ին իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ «ռինգ» են դուրս գալու, եւ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես է վերաբերվում հայ հասարակությունն այս երկու ուժերին։ Նաեւ համոզվելու ենք, թե արդյոք իշխանության մեծադղորդ խոստումները մաքուր ընտրություններ անելու մասին իրակա՞ն են ու իրականանալի, թե՞ հերթական անգամ նախապես խոստանալու են, հետո անեն այնպես, ինչպես միշտ են անում։
Այս առումով երկու ճամբարի թեկնածություններն էլ ստանդարտի մեջ են. գործող քաղաքապետը գորշ ու միջակ, ընդդիմության թեկնածուն՝ սիրված ու չվարկաբեկված: Իշխանությունը փող ու ադմինիստրատիվ ռեսուրս է տնօրինում, ընդդիմությունը՝ ոչ։ Իշխանական թեկնածուն տարիներ շարունակ պաշտոնավարել է, եւ հրազդանցիները՝ լավ, թե վատ, ճանաչում են նրւսն։ Ընդդիմության թեկնածուն ադմինիստրատիվ պաշտոն չի զբաղեցրել, բայց հայտնի դեմք է, պատերազմի հեռոս, բանտ նստած ու պատվով փորձությունների միջով անցած անձնավորություն։
Լավ է նաեւ, որ իշխանության մյուս թեւերի հետաքրքրությունն այս պարագայում նվազագույն է՝ ոչ ԲՀԿ-ն, ոչ ՕԵԿ-ն առանձնապես հետաքրքրված չեն այս ընտրությունների արդյունքներով։ Հետաքրքրություն չունեն նաեւ մյուս քաղաքական ուժերը։ Այնպես որ պայքարը ծավալվելու է խիստ իշխանական ՀՀԿ-ի եւ խիստ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ։ Նաեւ այս ընտրությունները ցույց են տալու, թե որքանով է ընդդիմությունը պատրաստ ու տրամադրված պայքարի։ Արդյո՞ք գլխովին մտնելու է ընտրական հորձանուտը, թե՞ պայքարի իմիտացիա է անելու, ապա հայտարարի, թե ընտրությունները կեղծվեցին։
«Հրապարակ»