Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, թե ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» առաջիկայում հանդես կգան ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ : Ու թեեւ իշխանական կուսակցությունների դիրքորոշումն այս հարցում հայտնի է, բայց խորհրդարանական ընդդիմությունը, պատգամավորի ասելով, կփորձի այդ խնդիրը քննարկման առարկա դարձնել նաեւ քաղաքական այդ հարթակում՝ ԱԺ-ում : «Իշխանությունները հիմնականում խոսում են դրա տեխնիկական անհնարինության մասին, բայց մեր կարծիքով՝ դա քաղաքական կամքի խնդիր է»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ չմոռանալով հիշեցնել, որ այդպիսի լսումներ կազմակերպելու լիազորություն ԱԺ-ում ունեն միայն խորհրդարանի նախագահն ու հարցի համար գլխադասային՝ կոնկրետ դեպքում պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Նա նաեւ հավելեց, թե ՀՅԴ-ն մտադիր է այդ հարցն արտահերթության կարգով՝ որպես հրատապ, ԱԺ օրակարգ մտցնել՝ խնդրի կարեւորությունը եւս մեկ անգամ շեշտելու եւ քննարկելու համար : «Դա մեզ համար ուղղակի հարցը քաղաքական եւս մեկ ձեւաչափով քննարկելու եւ բարձրաձայնելու տարբերակ է, որովհետեւ պարզ է, որ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում ընդունելու համար ընդդիմությունը համապատասխան քանակի «կոճակների» չի տիրապետում»,– ասաց պատգամավորը :
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև