Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությանն» ուղղված ՀՅԴ-ի նամակը կորել էր

Հունվար 25,2012 23:16

Դեռ անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում,  ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը հանդես էր եկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այն որպես հրատապ հարց ԱԺ-ում քննարկվել ու մերժվել էր: ՀՅԴ խմբակցության պատգամավորները դեռ այն ժամանակ էին դիմել իրենց գործընկերներին՝ առաջարկելով  այդ հարցով դիմել ՍԴ-ին, ինչի համար անհրաժեշտ էր ընդամենը 27 պատգամավորի ստորագրություն: Հիշեցնենք՝ հիմնավորումն այն էր, որ կառավարությունը ձախողել է 2008-2012 թվականներին խորհրդարանում հաստատված իր ծրագիրը, չի ապահովել այնտեղ ամրագրված թիրախային ցուցանիշները եւ այլն:

Արդեն դեկտեմբերի 26-ին ՀՅԴ խմբակցությունը պաշտոնապես եւ գրավոր դիմել էր խորհրդարանական բոլոր մյուս խմբակցություններին ու անկախ պատգամավորներին՝ վերջիններիս խնդրելով միանալ այդ նախաձեռնությանը: Նամակին կցվել էր նաեւ ՍԴ-ին ներկայացվելիք դիմումի բովանդակությունը : «Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը Ձեր ցանկության դեպքում քննարկելու դիմումի նախագծի բովանդակությունը եւ տալ անհրաժեշտ պարզաբանումներ»,- ասված էր ՀՅԴ խմբակցության պաշտոնական նամակում, որտեղ նաեւ այսպիսի հավելում կար՝ «խնդրում ենք պատասխանել մինչև 2012 թվականի հունվարի 20-ը»:

 

Այդ ժամկետն արդեն վաղուց սպառվել է, իսկ նամակի հասցեատերերից եւ ոչ մեկը դրան դեռ չի պատասխանել: Երեկ Aravot.am-ին այդ մասին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ մինչեւ այս շաբաթվա վերջ իրենք կփորձեն ամփոփել իրենց նախաձեռնության գրանցած արդյունքները, որից հետո կդիմեն ՄԻ պաշտպանին՝ վերջինիս առաջարկելով, որ նա ինքը նկատի ունենալով ՀՅԴ-ի նախաձեռնության հիմնավորումները կառավարության անվստահության հարցով դիմի ՍԴ-ին:

Aravot.am-ը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենք չեն արձագանքել ՀՅԴ-ի նամակին :

Մարտիրոսյանի ասելով, այդ նամակը,  չգիտես ինչպես, կորել եւ «Ժառանգությանը» չէր հասել, ու միայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ դաշնակցական իրենց գործընկերների հետ շփումների արդյունքում է պարզվել, որ նման նամակ է եղել: «Մենք այդ հարցը դեռ չենք քննարկել, բայց չեմ կարծում թե խնդիր կլինի»,– հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե պաշտոնական պատասխան, անշուշտ, կլինի՝ առավել եւս, որ «Ժառանգությունը» մի անգամ արդեն իր քվեարկությամբ ցույց է տվել, որ պաշտպանում է ՀՅԴ-ի այդ նախաձեռնությունը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031