Արդեն մեկ ամիս է հետևում եմ հայկական լրատվամիջոցներին և մի եզրահանգման եմ եկել` Հայ ազգային կոնգրեսն այլևս սպառելով իրեն, անցել է յուրայինների ռմբահարելու գործընթացին` առաջնորդվելով մաֆիայի օրենքներով` մտել ես մեր կազմի մեջ, ուրեմն դուրս գալու հնարավորություն չունես, իսկ թե դուրս եկար` դավաճան ես: Եւ այդ մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում տարբեր կառույցների են անդամագրված եղել ու հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք դաշտից դաշտ փոխելով «մաքուր» մնացին:
Ի՞նչ է, մարդն իրավունք չունի վերանայելու իր անցյալը, իրավունք չունի՞ եզրահանգումներ անել իր շուրջը կատարվող իրադարձություններից: Մի՞թե մեր պայքարն ավարտվեց, ավելի ճիշտ` ողբերգական վախճան ունեցավ: Մենք` 88-ին պայքարի ելածներս, չէինք պատկերացնում նման ավարտ: Մենք դարձանք քաղբանտարկյալներ` մեր ցանկությամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց որոշմամբ, որոնք էլ այսօր թույլ են տալիս իրենց գնահատել, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ և ով` ոչ:
Ես` որպես նախկին քաղբանտարկյալ, լավ եմ ճանաչում մյուս նախկին քաղբանտարկյալներին: Եվ դուք իրավունք չունեք Սուրիկի դեմ (խոսքը Սուրեն Սիրունյանի մասին է-խմբ.) ուղղել ձեր ծանր հրետանին, դուք ինքներդ միշտ երազել եք ունենալ ձեր կողքին Սուրիկի նման հավատարիմ ընկեր: Այն, ինչ Սուրիկն է արել շարժման համար, չի արել որևէ մեկը ձեզանից, իսկ դուք միայն ապշած դիտորդի դերում էիք` թե ազատության մեջ, թե «Վարդաշեն» քրեակատարողականում: Գոնե ես այդ ամենի մասին լավ գիտեմ: Դուք նախկին քաղբանտարկյալներին վարկաբեկելու իրավունք չունեք: Ես ինքս էլ չեմ դիմել Եվրադատարան, ի՞նչ է, ես դադարում եմ նախկին քաղբանտարկյալ լինելուց:
Մի՞թե սա է ձեր «պայքար, պայքար մինչև վերջը», բայց չէ՞ որ մենք հավատում էինք դրան: Իսկ դուք այդ ամենից հետո նստեցիք բանակցությունների այս իշխանությունների հետ: Դուք չէի՞ք ասում` ոչ մի բանակցություն այս իշխանությունների հետ, Դուք չէի՞ք ասում` գնալու ենք մինչև վերջ: Բա ի՞նչ եղավ ձեզ հետ: Թե՞ բանակցությունների ժամանակ «քցեցին» ձեզ, հուսախաբ արեցին: Հերի’ք է, պետք չէ ժողովրդի անունից անձնական հարցեր լուծել, իսկ չստացվելու դեպքում մեղավորներ փնտրել ի դեմս Սուրիկի: Հերիք է պարոնայք, հերիք է հանուն ձեր անձնական շահերի կեղտոտ քայլերի գնալ: Անցե’ք ձեր բուն գործին` առջևում ընտրություններ են: Թերևս այդքան մաքուր անցյալ էլ չունեք, սակայն դեռևս ուշ չէ սթափվելու համար: Սթափվե’ք, և թացը չորից տարբերե’ք:
Կարդացեք նաև
Այսքանով առայժմ ուզում եմ ավարտել, բայց եթե կուզեք այս ամենի շարունակություն, եթե կուզեք էլ ավելին խոսեմ, կխոսեմ, բայց խորհուրդ չեմ տա ձեզ նման ցանկություն դրսևորել: Սթափվե’ք…
Սամվել Աբովյան
նախկին քաղբանտարկյալ