Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ի հատվածում՝ Մաստարա գյուղի ճանապարհին, «Գազել» մակնիշի 45 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Գալուստ Գալոյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 59-ամյա Մանյակ Եփրեմյանը եւ Քրիստինե Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Եփրեմյանը վարորդի կինն է, իսկ Ք. Գալոյանը՝ նրանց աղջիկը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները։
Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։