Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ֆրանս Տելեկոմ-Orange» խմբի եվրոպական շուկաների փոխնախագահը վստահեցնում է, որ Orange հիմնադրամի առկայությունը Հայաստանին մեծ նվիրվածության արդյունք է

Հունվար 25,2012 20:14

«Հայաստանը կարեւոր երկիր է Orange-ի աշխարհագրությունում: Ես երջանիկ եմ լինել Հայաստանում, որը «Ֆրանս Տելեկոմի» ներկայության ամենաարեւելյան երկիրն է եւ ունի փոքր, սակայն շատ դինամիկ շուկա: Ուրախ եմ տեսնել, որ Orange-ը Հայաստանում ունի նույն դեմքն ու ձեռագիրը, ինչ մյուս եվրոպական երկրներում եւ աշխատանքում հիմնվում է եվրոպական արժեքների վրա, Orange-ի արժեքների վրա»,-այսօր «Ֆրանս Տելեկոմ-Orange» խմբի եվրոպական շուկաների փոխնախագահ Բենուա Շինը, որն այցելել է Հայաստան, լրագրողների հետ հանդիպմանը այսպես ներկայացրեց իր տպավորությունը մեր երկրի երրորդ օպերատորի մասին: Ընդամենը 1 օր առաջ Orange-ը գործարկել էր 42 Մբ/վ արագությամբ ցանցը, եւ պարոն Շինը նշեց, որ Orange-ի` եվրոպական ցանցի առաջին օպերատորներից մեկն է Orange Արմենիան, որը մեկնարկել է այդ առաջարկը. «Այս 2,5-3 տարվա ներկայության ընթացքում Orange-ը հասցրել է մեծ ներդրումներ անել, խոսքը ոչ միայն կապիտալ ներդրումների մասին է, առհասարակ ծախսերի, որոնք հասնում են 250 մլն եվրոյի, դրա մի մասը՝ 186 մլն-ը կապիտալ ներդրումներն են, իսկ մնացածը ոչ միայն տեխնոլոգիական ներդրում է, այլեւ մեծ թվով մարդկային ռեսուրսների ներգրավում, ինչը թույլ է տվել ապահովել զբաղվածություն: Այս ընթացքում 1000-ից ավելի մարդկանց ենք ընդունել աշխատանքի՝ ուղղակի կամ անուղղակի աշխատատեղեր ստեղծելով եւ այս մոտեցումը շարունակվելու է  նաեւ մոտակա տարվա ընթացքում, մենք շարունակելու ենք լինել նորարար եւ նվիրված օպերատոր»:

Նման խոշոր ներդրումներ կատարելով՝ Orange-ը նպատակ ունի լինել Հայաստանի տնտեսության կարեւոր դերակատար, ակտիվ եւ հզոր, սակայն, ինչպես իր խոսքում նշեց Բենուա Շինը.«Մենք չենք կարող պատկերացնել բիզնես գործունեությունը՝ առանց հասարակական գործունեության: Հայաստանում Orange-ը բիզնես գործունեությանը զուգահեռ իրականացնում է նաեւ սոցիալական, հասարակական, կրթական, մշակութային մի շարք ծրագրեր: Սրանք Հայաստանում իրականանում են Orange հիմնադրամի միջոցով, որը ստեղծվել է 1 տարի առաջ, ուզում եմ շեշտել նաեւ, որ ոչ բոլոր երկրներում է, որ  կա Orange հիմնադրամ, դա երկրին մեր նվիրվածության արտացոլումն է»:

Aravot.am-ի հարցին՝ կա՞ որեւէ տարբերություն հայաստանյան Orange-ի եւ այլ երկրների ձեր գործունեության միջեւ՝ Բ. Շինը պատասխանեց, որ Orange-ը բոլոր երկրներում նույնն է, իր արժեքներն ու մոտեցումները նույնն են, սակայն տարբեր են շուկաները, բաժանորդների ակնկալիքները, շուկայի կառուցվածքն ու տնտեսությունները. «Այն, ինչ միավորում է մեզ, մեր մոտեցումն է՝ մենք ցանկանում ենք լինել ուժեղ դերակատար, առաջարկներ ունենալ բոլորի համար եւ միշտ լինել հոգատար օպերատոր»:

Ասուլիսից հետո Բենուա Շինը նաեւ հանդիպումներ էր ունենալու տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի նախարարների, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպմանը: Բ. Շինի խոսքերով՝ «Ես ասելու եմ, որ մենք շատ գոհ ենք այն արդյունքներից, որը գրանցել ենք երկամյա մեր գործունեության արդյունքում: Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել ինչպես զուտ նյութական առումով, այնպես էլ՝ ռեսուրսների, խնդրելու եմ նրանց շարունակական աջակցությունը, ինչպես որ եղել է այս ընթացքում, որպեսզի մենք ունենանք լավագույն դաշտը՝ ծառայություններ մատուցելու համար՝ լինի դա իրավական թե տնտեսական դաշտ, որպեսզի կարողանանք մատուցել այն որակի ծառայությունները, որը ցանկանում ենք մատուցել մեր բաժանորդներին»:

Aravot.am-ը փորձեց ճշտել, այն, որ պարոն Բենուա Շինը գոհ է Orange-ի հայաստանյան գործունեությունից, կարելի՞ է ենթադրել, որ նա գոհ է նաեւ Բրունո Դյութուայի աշխատանքից, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ իհարկե գոհ է. «Բրունո Դյութուան Ֆրանս Տելեկոմ խմբում բավականին հայտնի փորձագետ է, սա առաջին անգամ չէ, որ նա նոր օպերատոր է մեկնարկում որեւէ երկրում, նա մի քանի անգամ 0-ից սկսել է ձեռնարկություններ, մեր խմբի ամենալուրջ փորձագետներից է եւ հիմա մենք այս արդյունքներն ունենք նաեւ իր աշխատանքի շնորհիվ»:

Իսկ թե առաջիկայում ինչ նորարարություններ են սպասվում Հայաստանում՝ Բենուա  Շինը չմասնավորեցրեց, քանի որ Orange-ը շուկայում մրցակիցներ ունի եւ պիտի փորձի պահել առեւտրային որոշ գաղտնիքները. «Մենք ունենք հարգարժան մրցակիցներ շուկայում, որոնք շատ արագ արձագանքում են շուկայում մեր առաջարկներին, կարող ենք վստահեցնել, որ 2012-ին Orange-ը շարունակելու է իր ներդրումային քաղաքականությունը»:

Վերջում  «Ֆրանս Տելեկոմ Orange» խմբի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս պատմությունը, որը սկսվել է 3 տարի առաջ եւ շուկայում այն ակտիվ աշխատանքը, որ սկսվել է 2,5 տարի առաջ, տալով իր լավ արդյունքները, մեծ ներթափանցում շուկայի կարեւոր մասնաբաժին, դա միայն սկիզբն է:

R

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031