Ոստիկանության ՔՀԳՎ և Ավանի բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակային հարձակումը: Այսօր՝ հունվարի 25-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են 2005-ին Երևանում կատարված ավազակային հարձակման մի դեպք։
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի աշխատակիցները՝ քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի, քննիչ Գագիկ Ավագյանի, ինչպես նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ, Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 33 շենքի մոտ քննչական փորձարարություն էին կատարում։
Դեպքի վայր էր բերվել Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մուշեղ Առաքելյանը, ով կասկածվում է նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ 2005 թ–ի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, 4 անհայտ անձիք Դուրյան թաղամասի 33 շենքի վերելակի ներսում ավազակային հարձակում կատարելու եղանակով նշված շենքի 7-րդ հարկի բնակիչ, տարադրամի փոխանակմամբ զբաղվող 63-ամյա Արսեն Հարությունյանի նկատմամբ կիրառելով բռնություն, ծեծելով և հարվածելով՝ նրանից հափշտակել էին 1 մլն ՀՀ դրամ և դիմել փախուստի։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրօր–ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ավազակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ քննչական մարմինն արդեն ճանաչում է կատարել հայտնաբերվածի և տուժողի միջև։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ֆոտոլրագրողը որոշ հանգամանքներ չի հայտնում։