Այսօր՝ հունվարի 25-ին կկայանա «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» Իսպանիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը: Հիշեցնենք`առաջին հանդիպումը ավարտվել էր 1-2 հաշվով`«Բարսելոնայի» հաղթանակով: Մեր անցկացրած հարցումներից պարզ է դառնում, որ այսօր քչերն են հավատում «Մադրիդի Ռեալի» հաղթանակին, սակայն Արտաշի համար միշտ ֆավորիտ եղել է ու կմնա «Ռեալը». «Ես գիտեմ, որ չնայած առաջին հանդիպմանը, այսօր «Ռեալն» է հաղթողի կարգավիճակով լքելու մարզադաշտը: Առաջին հանդիպմանը սխալները շատ էին, բայց այսօր ուրիշ ֆուտբոլ ենք տեսնելու, «Բարսելոնային» չի փրկի ոչ Մեսսի հնարքները, ոչ էլ Ալվեսի դերասանական տաղանդը: «Արքայական» գավաթը պետք է հասնի «Արքայական» թիմին»: Հայկն էլ կարծում է, որ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ «Մադրիդի Ռեալը» պատրաստ չէ «Բարսելոնայի» հետ մրցակցել. «Առաջին հանդիպումից առաջ «Ռեալի» շանսերը 40/60 էր, իսկ հիմա 10/90, որովհետև «Բարսելոնան» վերջին անգամ իր մարզադաշտում պարտվելա 2007 թվականին: «Ռեալը» գրեթե շանս չունի 2 գնդակի առավելությամբ հաղթելու: Ես անգամ հաշիվը կարող եմ ասել՝ 2-0»:
Այսօրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց այս հանդիպումն է, անգամ այն մարդիկ, ովքեր հեռու են ֆուտբոլից, գիտեն այս հանդիպման նշանակության ու կարևորության մասին: Տիկին Գայանեն, ում երկու տղաներից մեկը երկրպագում է «Բարսելոնային», մյուսը՝ «Ռեալ Մադրիդին», պետք է նրանց հետ միասին հետևի հանդիպմանը. «Որ իրար չսպանեն: Էնպես են կռվում խաղի ընթացքում, կարծես իրենց բարեկամներն ու հարազատներն են խաղում: Որ անկեղծ ասեմ, արդեն սկսել ա ինձ էլ հետաքրքրել էս դիմակայությունը»:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը «Բարսելոնայի» հաջորդ փուլ դուրս գալուն է հավատում: Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը կատալոնական թիմի վաղեմի երկրպագու է, սակայն, ինպես ինքն է ասում, անկախ ամեն ինչից, համոզված է, որ «Բարսայի» շանսերը շատ ավելի մեծ են, առավել ևս՝ սեփական դաշտում. «Կարծում եմ`«Բարսան» կհաղթի 3-1 հաշվով»:
Կարծիքները շատ են ու տարբեր, և միայն հանդիպման ավարտը ազդարարող սուլիչից հետո պարզ կդառնա հաղթողի անունը:
Լիլիթ Սարգսյան