«Եթե Գալուստ Սահակյանը Թեղուտի հարցը ԵԽԽՎ հասցնելը գնահատում է որպես նախընտրական քարոզարշավ, թող ինքն էլ լծվի այդ նախընտրական քարոզարշավին, իր համար էլ լավ կլինի»,- ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այսօր հնչեցրած կարծիքին, թե «Եթե Զարուհի Փոստանջյանը Թեղուտի հարցը հասցնում է նաեւ Եվրոպա, կարծում եմ, որ դրանով նա լավ նախընտրական PR է անում «Ժառանգության» համար եւ քաղաքական պրոցեսներում լուրջ ազդեցություն կունենա»,- Ստրասբուրգից հեռախոսով արձագանքեց Զարուհի Փոստանջյանը:
«Թեղուտի հարցը յուրաքանչյուր քաղաքացու հարցն է, ոչ թե ինչ-որ մի խմբի կամ կուսակցության ներկայացուցչի, սա բոլորիս խնդիրն է, որովհետեւ իրենց կողմից ղեկավարվող կառավարությանն են դատի տվել եւ այդ կառավարության նկատմամբ է եղել որոշում, համաձայն որի կառավարությունը սխալ է եղել եւ ընդունել են որոշումներ միջազգային օրենսդրության խախտումներով, հետեւաբար կարծում եմ, որ ինքը (Գալուստ Սահակյանը-Լ.Խ.) ավելի հետամուտ պետք է լինի հասկանալու հարցի էությունը, հենց ինքն էլ ընդգրկվի այս ծրագրի մեջ եւ պայքարի հանքավայրի շահագործման դեմ եւ անվավեր ճանաչվեն բոլոր այն որոշումները, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»,- ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Լուսինեն ԽԱՉԱՏՐՅԱՆ