Aravot.am-ում անդրադարձ եղել է, որ հանրապետության բուժհիմնարկներում պարտադիր հանրապետականացման գործընթաց է ընթանում, որն ուղեկցվում է զավեշտի հասնող միջադեպերով՝ հանրապետականացվում են նաեւ այլ կուսակցության անդամ բուժաշխատողները:
Մեր ունեցած տեղեկություններով, երեկ եւ այսօր հանրապետականացումը հասել է Երեւանում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց. մարդկանց լուսանկարում են եւ հանդիսավորությամբ հանձնում ՀՀԿ տոմսերը: Հիշեցնենք, որ հիվանդանոցի սեփականատերը՝ Արա Մինասյանը, նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է:
«Մենք հիմա պատրաստվում ենք համագումարի: Առողջապահության կազմակերպիչների ասոցիացիա ունենք, հասարակական կազմակերպություն է, որի համագումարը տեղի է ունենալու փետրվարի 4-ին: 10 տարուց ավելին գործող այդ կազմակերպությունը 800-ից ավելի անդամ ունի, կան մարդիկ, որոնց փաստաթղթերը կարգին չեն: Դրա հետ կապված հստակեցումներ ենք անում, մարդ կա՝ դուրս է գալիս, մարդ կա՝ մտնում է: Դրան զուգահեռ, կան մարդիկ, ովքեր ուզում են ընդունվել կուսակցություն, դա արդեն առանձին թեմա է: Բայց կուսակցության հետ կապված հատուկ կամպանիա մեզ մոտ չի անցկացվում, այնպես, ինչպես երբեք էլ չի արվել: 20 տարի ես այստեղ տնօրեն եմ, երբեք ոչ մեկին չեմ ասել՝ ընդունվեք ՀՀԿ»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց հիվանդանոցի սեփականատեր եւ գլխավոր բժիշկ Արա Մինասյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն, այն մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում ՀՀԿ-ին անդամագրվելու, գործընթացը կազմակերպո՞ւմ եք, պարոն Մինասյանն ասաց, որ չեն հրաժարվում օգնել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ