«Ֆորմուլա 1»-ի նախկին արշավորդ, «Գրան Պրիի» 107 մեկնարկների մասնակից, հանրահայտ Միխայել Շումախերի թիմակից, հոլանդացի Իոս Ֆերստպապենի համար այնքան էլ հաջող չի սկսվել 2012 թվականը:
Հունվարի 5-ին Հոլանդիայի Ռուրմոնտ քաղաքի ոստիկանությունը նրան ձերբակալել ու երկու շաբաթ պահել է ժամանակավոր պահման մեկուսարանում: Հարուցված քրեական գործով նա կասկածվում էր նախկին ընկերուհուն դիտավորյալ վրաերթի ենթարկելու մեջ, որի հետեւանքով «զոհը» հոսպիտալացվել էր մարմնական բազմաթիվ վնասվածքներով:
Իրավապահները կասկածելու բոլոր հիմնավորումներն ունեին, քանի որ Ֆերստպապենն առաջին անգամ չէր հայտնվում նման իրավիճակներում: Չորս տարի առաջ նա հարձակվել էր նախկին կնոջ վրա, ինչի համար տուգանվել էր 1650 եվրո եւ դատապարտվել 4 տարվա պայմանական ազատազրկման: Ավելի վաղ արշավորդը կարտադրոմում հոր հետ միասին մի տղամարդու դաժան ծեծի ենթարկելու եւ նրան գանգոսկրի կոտրվածք պատճառելու մեղադրանքով դատապարտվել է հինգ տարվա պայմանական ազատազրկման:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դիտավորության բավարար ապացույցների բացակայության պատճառով Իոս Ֆերստպապենն այս անգամ էլ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ