Այսօր «Նովոստի» կենտրոնում կազմակերպված Երեւան- Մոսկվա տեսակամուրջի ընթացքում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Հայկ Դեմոյանը, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն ու Ռազմավարական մշակույթի հիմնադրամի տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը խոսեցին Ֆրանսիայի սենատի` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետեւանքների մասին:
Բանախոսներն այն կարծիքին էին, որ հետագայում այլ երկրներ կհետեւեն Ֆրանսիայի օրինակին: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կասկած անգամ չուներ, որ նախագահ Սարկոզին կստորագրի օրինագիծը. «Իրադարձությունը եվրոպական մաշստաբի է, քանի որ դուրս է գալիս Ֆրանսիայի սահմաններից, ինչը կանգնեցնել այլեւս հնարավոր չէ, եւ այս փաստը ներգործում է Թուրքիայի դիրքերի վրա»:
Նա հավելեց, որ օրինագծի ընդունման շուրջ Թուրքիայի արձագանքը փոխել է Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Հարցի վերաբերյալ Անդրեյ Արեշեւը նշեց, որ Թուրքիայի համար կարեւոր են Ֆրանսիայի հետ հարաբերությունները. «Պետք է օրինագծի նկատմամբ ցուցաբերել ոչ թե էմոցիոնալ, այլ հավասարակշռված մոտեցում` սեփական պատմության վերլուծությամբ»:
Վլադիմիր Զախարովն օրինագծի ընդունումը համարեց պատմական կարեւոր իրադարձություն, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի` հայերի նկատմամբ կատարած սարսափելի հանցագործությունը. «Ժամանակն է, որպեսզի թուրքական կառավարությունը հրապարակի ձեռքի տակ ունեցած այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են ցեղասպանության նախապատրաստումը»: Բանախոսն առաջարկեց Ռուսաստանում բացել Հայոց Ցեղասպանության թանգարան, քանի որ ժամանակին Ռուսաստանն ընդունել է հայ փախստականներին: Առաջարկը Հայկ Դեմոյանը համարեց՝ «հարվածող».«Թանգարանների միջոցով ցեղասպանությունից նյութեր ցույց տալով` մենք պայքարում ենք ոչ միայն դրա ճանաչման, այլեւ հետագա կանխարգելման համար»: Հ. Դեմոյանը հավելեց, որ Թուրքիան ցույց տվեց քաղաքական եւ մշակութային առումով Եվրոպական Միությանն անդամագրվելու անպատրաստակամությունը:
Կարդացեք նաև
Ալ. Իսկանդարյանի խոսքերով` Թուրքիայի հիստերիկ վերաբերմունքն օգնեց օրինագծի ընդունմանը. «Ակնհայտ է, որ Թուրքիայի քայլերում ոչ միայն էմոցիա է եղել, այլեւ վախեցնելու նպատակ, ինչը լուրջ չէր: Մոտ կես տարի անց նրա հարաբերությունները Ֆրանսիայի հետ կրկին կկարգավորվեն»: Քաղաքագետը մոտակա ժամանակահատվածում հավանական չհամարեց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, իսկ Վ. Զախարովը նշեց, որ եթե թուրքական կառավարությունը ցանկանա, ապա ճանաչումը տեղի կունենա սպասվածից շուտ. «Մեկ րոպե է հարկավոր ներողություն խնդրելու համար, բայց վախենում են, որ Հայաստանը ետ կպահանջի կորցրածը: Թուրքիան պետք է մոռանա Աթաթուրքին այնպես, ինչպես Ռուսաստանը մոռացավ Մարքսիզմ-Լենինիզմը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ