«Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 26-ին՝ այս տարի առաջին անգամ, տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը: Մենակատարն է ճանաչված ջութակահար, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Ռոման Սիմովիչը: Նույն օրը տեղի կունենա նաեւ նվագախմբի առաջին՝ «Music is the answer» CD-ի շնորհանդեսը՝ թողարկված հանրահայտ «SONY-DADC» ձայնագրման ստուդիայի կողմից: Երիտասարդականի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այսօր Aravot.am-ին ասաց, թե միջազգային մրցույթների դափնեկիր Ռոման Սիմովիչն այն եզակի երաժիշտներից է, որ 2005թ. արժանանալով Ռ. Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակին, նրան շնորհվել է նաեւ 12 հատուկ մրցանակ:
Ռ. Սիմովիչից էլ հետաքրքրվեցինք, թե Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները իրենց տեղը պահպանելու համար ի՞նչ պարբերականությամբ են ունկնդրում անցնում: «Երաժիշտը մեր նվագախումբ ընդունվում է մրցույթով եւ դրանից հետո ունկնդրումներ չեն լինում: 2007-ից նվագախմբի նախագահ (մեզանում դա գեղարվեստական ղեկավարն է-Ս.Դ) Քոլին Դեւիսի եւ նույն թվականից էլ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւի գլխավորությամբ հանձնախումբը շատ բծախնդրորեն է մոտենում նոր արտիստ ընդունելու հարցին, գիտակցելով, որ դա ամբողջ կյանքի համար է: Երբ այս կամ այն երաժիշտը ինչ-ինչ պատճառներով սեփական դիմումի համաձայն հեռանում է նվագախմբից, թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ: Եթե, օրինակ, հեռացողը թավջութակահար է, թավջութակահարների խումբը իր կոնցերտմայստերի հետ ներկա է լինում մրցույթին եւ հաշվի է առնվում նրանց կարծիքը նույնպես»,- հայտնեց Ռ. Սիմովիչը: Ջութակահարը վարպետության դասեր անցկացրեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ