Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միքայել Պողոսյանը անկեղծ է սատարում նախագահին

Հունվար 25,2012 15:58

Այսօր «Նաիրի» կինոթատրոնում հատուկ լրագրողների համար կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ «Կոնվերս» բանկի աջակցությամբ՝ երիտասարդ ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի նկարահանած «Եթե բոլորը…» ֆիլմի ցուցադրությունը, որը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Ֆիլմի մտահղացման, սցենարի հեղինակ եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանն ասաց, որ առաջին փորձն է, երբ լրագրողներն առաջին հանդիսատեսն են դառնում ու ինքը սիրում է այդ հանդիսատեսին:

Ֆիլմի «Եթե բոլորը…» վերնագիրը նա մեկնաբանեց այսպես. «Մենք գտնում ենք, որ եթե կարեւորագույն հարցերում աշխարհի բոլոր մարդիկ մեկ լինեն, բոլորը ցանկանան՝ խաղաղություն լինի, կլինի: Դա մեր պոզիտիվ վերաբերմունքն է իրականությանը»:

Aravot.am-ը Միքայել Պողոսյանին հարցրեց՝  քանի որ «Եթե բոլորը…» նկարահանվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, արդյոք այդտեղից հետեւո՞ւմ է, որ ինքն այս ընտրությունների ժամանակ դարձյալ կանգնելու է նախագահի ու նրա կուսակցության կողքին:

Մշտապես ՀՀ նախագահի հովանավորության պտուղները վայելող արվեստագետը սկզբում նեղսրտեց՝ ասելով. «Մի քաղաքականացրեք մշակույթը, ավելի լավ է՝ ֆիլմը դիտեք»: Այնուհետեւ ասաց. «Ես կկանգնեմ այն մարդկանց կողքին, ովքեր մեր պետությունը սիրում են, հարգում են եւ թիկունք կանգնում ոչ միայն արվեստի մարդկանց… Ամեն մի արվեստագետ իր նախընտրությունն ունի, եւ շատ բնական է, որ մեկի թիկունքին կանգնում են: Ինձ համար անընդունելի է՝ հանուն եսիմ ինչ հարցերի կանգնելը, ես անկեղծ եմ կանգնում»:

Հարցրինք նաեւ, թե ինչո՞վ է իր ֆիլմը տարբերվում նույն թեմայով նկարահանված մնացած ֆիլմերից: «Մեր ֆիլմը ոչ թե պատերազմի մասին է, այլ խաղաղության»,-ասաց դերասանը:

Նշենք, որ ֆիլմի հերոսուհին՝ Սաշան, որը սումգայիթյան ջարդերի ժամանակ զոհված հայուհու ու Արցախի համար կռված ռուս զինվորի զավակ է, ցանկանում է կեչի տնկել հոր գերեզմանին: Շիրիմը, սակայն, հայկական սահմանից այն կողմ՝ ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում է: Միքայել Պողոսյանի մարմնավորած հրամանատար Գուգոն սահմանը խախտելու գնով իրականացնում է Սաշայի երազանքը: Նրանց նկատում է ադրբեջանցին, բայց չի սպանում ու արցունքն աչքին ասում է, թե իր 10-ամյա որդու գերեզմանն էլ հայկական հողում է մնացել…անիծվի պատերազմը: Գուգոն խոստանում է նրա տղայի շիրմին էլ ծառ տնկել ու դա անում է դարձյալ ազգությամբ ռուս Սաշայի ձեռքով:

Հետաքրքրվեցինք՝ ծառ տնկելու խաղաղասիրական ակցիաները ազգությամբ ռուսի ձեռքով կյանքի կոչելու տակ ինչ-որ ենթատեքստ կա՞: «Եթե ուզենաք, կարող եք տեսնել, բայց մենք հատուկ իմաստ դրա տակ չենք դրել»,-պատասխանեց արվեստագետը:

Մի դրվագ եւս՝ պատերազմի բովով անցած ֆիլմի հերոսը Սաշային իր նպատակին հասցնելն իրականացնում է գողացված մեքենայով, որի համար նրան ու ընկերներին ծեծում են «գոլդ» համարանիշով մեքենայի տերերը: Հարցին՝ մի՞թե պատերազմ տեսած մարդու պարագայում արդարացվում է մեքենա առեւանգելը, Միքայել Պողոսյանը պատասխանեց՝ ոչ, հետո էլ նշեց. «Կան բաներ, որոնք երբեմն ավելի կարեւոր են, քան ինչ-որ մեկի մեքենան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031