Հրայր Թովմասյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Human Rights Watch կազմակերպության օրերս հրապարակած զեկույցին, թե Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, ասաց, որ անցած տարի մարդու իրավունքների պաշտպանության հարցում լուրջ առաջընթաց է նկատվել: «Սկսեմ նախ հավաքների ազատության սահմանափակումից, որին անդրադարձել է կազմակերպությունն իր զեկույցում:Եթե անցած տարվա սկզբում դեռւես կարող էր այդ մասին խոսք գնալ, ապա ապրիլին ընդունված օրենքից հետո, Հայաստանում չենք ունեցել մի դեպք, որ խոչընդոտվի հանրահավաքի անցկացումը կամ ընդհանրապես մերժվի:Անգամ ունեցել ենք չիրազեկված հանրահավաքներ, եւ մեր պրակտիկայում առաջին անգամ ոստիկանությունը, նոր կանոնակարգերի համաձայն, աջակցում էր հանրահավաքի անցկացմանն ու միաժամանակ տեղեկացնում, որ հանրահավաքը իրազեկված չէ: Ուստի այս առումով գնահատել հետընթաց, ինձ համար ոչ միայն զարմանալի է, այլեւ՝ անընդունելի: Ես պատրաստ եմ այդ մարդկանց հետ նստել ու հրապարակայնորեն ապացուցել այն օրենսդրությունն ու պրակտիկան, որ կա մեզանում, շատ ու շատ ավելի առաջընթաց է քան մեզ թվում է»:
Նախարարը նաեւ մեկնաբանեց զեկույցի փաստարկներն այն մասին, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: «Զինդատախազը մի քանի օր առաջ մանրամասն անդրադարձավ այդ թվերին: Եվ մենք պետք է հստակ միմյանցից տարբերենք՝ հրապարակայնության մեծացմանը զուգահեռ, այդ փաստերի մասին ավելի շատ խոսելը արդյոք կարո՞ղ ենք գնահատել, որ այդ ոլորտում հետընթաց ունենք. պիտի ասենք, որ՝ ոչ: Այն, որ դրա մասին շատ ենք սկսել խոսել, դա դեռ չի նշանակում, որ այդտեղ վիճակը վատթարացել է»:
Պարոն Թովմասյանի խոսքերով, ոստիկանության համակարգում թեեւ թռիչքային փոփոխություններ չեն գրանցվել, բայց առաջընթաց կրկին նկատելի է. «Եթե անձը մեկ քննությամբ կարողանում է ստանալ վարորդական վկայական, զերծ մնալ բոլոր կոռուպցիոն ռիսկերից, տեղադրված տեսախցիկները հնարավորություն կտան կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել նաեւ այս ոլորտում.. Ես հետընթաց ոչ մի ոլորտում չեմ տեսնում: Առաջընթացի հետ կապված, պիտի ասեմ, որ շատ ոլորտներում պրոցեսը սկսվել է ու պիտի հասկանանք, որ դրական արդյունքները դու կարող ես արձանագրել որոշակի ժամանակահատված հետո: Ես չեմ ուզում ասել, թե զեկույցը ինչ-որ մեկի պատվեր է, պատվեր չէ, ես ուզում եմ տեսնել ռեալ իրականությունում փոխվել է, թե՝ ոչ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ