Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում լարվածությունը շարունակվում է

Հունվար 25,2012 15:14

Տավուշի մարզի 62 համայնքներից, միայն մարզկենտրոն Իջեւանի այս տարվա բյուջեի նախահաշիվը մարզպետարանում չի ընդունվել: Անցած տարվա նոյեմբերի 13-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում, 12 տարի պաշտոնավարած Վարուժան Ներսիսյանին փոխարինեց Վարդան Ղալումյանը:

Այսօր Վարդան Ղալումյանը հրավիրել էր ավագանու նիստ, որի օրակարգում համայնքի 2012 թվականի բյուջեի տարեկան եկամուտների ու ծախսերի նախահաշվի, տեղական տուրքերի եւ վճարների, քաղաքապետարանի աշխատակազմի եւ ենթակա բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակների եւ պաշտոնային դրույքաչափերի հաստատումն էր եւ այլ հարցեր:

Նիստին ներկա էին ավագանու 15 անդամներից 13-ը: Ավագանու անդամ Վարդան Ղալումյանն ընտրվել է քաղաքապետ, եւ ավագանու անդամի նրա լիազորությունները դադարեցվել են, ավագանու անդամ Հովիկ Խեչյանն էլ կրակոցներով ուղեկցված ծեծկռտուքի առիթով քրեական գործով դեկտեմբերի 28-ից անազատության մեջ է:

Իջեւանի ավագանին ձայների 6 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ մերժեց հաստատել նիստի օրակարգը: Դեմ քվեարկեցին նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները, նրա եղբայր՝ «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ներսիսյանը, ազգական Կարեն Ներսիսյանը եւ այլք: Ավագանու անդամներ Նարինե Գրիգորյանը եւ Հասմիկ Ամիրյանն իրենց դեմ լինելը պատճառաբանեցին նրանով, որ նիստի օրակարգը ստացել են հարեւանից կամ խանութից, ուշ են ստացել, չեն հասցրել այն ուսումնասիրել: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն ասաց, որ նիստի օրակարգն ավագանու անդամներին փոստով ուղարկել են հունվարի 18-ին:

Իսկ օրակարգին դեմ քվեարկած անդամները պահանջեցին, որ հաջորդ անգամ նիստում լսվեն Իջեւանի կոմունալ ծառայության, նաեւ քաղաքապետարանի ենթակա բոլոր հիմնարկների տարեկան հաշվետվությունը: Քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ ինքը կողմ է քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների թափանցիկ աշխատանքին:

Նախորդ տարիներին, բյուջեի հաստատման ժամանակ երբեւէ ավագանին չի լսել քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների աշխատանքի տարեկան հաշվետվությունը: Իջեւանում քաղաքապետի ընտրությունից ավելի քան 2 ամիս է անցել, սակայն ընտրությունների հետ կապված լարվածությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031