«Իրականությանը համապատասխանում է այն, որ տեւական ժամանակ թե ես, թե մեր կուսակցությունը բավականին ակտիվ համագործակցել ենք Հանրապետական կուսակցության հետ` եւ 2008 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական փուլում, եւ նախագահի ընտրվելուց հետո: ՀՔԴՄ-ն, որպես կանոն, հանդես է եկել ՀՀԿ-ի թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտում շատուշատ նախաձեռնություններին կողմ: Բնական է, որ այդ համագործակցությունն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա նաեւ հետագայում»,-Aravot.am-ի հարցին` համապատասխանու՞մ է իրականությանը լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, որ դուք, ի թիվս այլ կուսակցապետերի, ընդգրկվել եք ՀՀԿ նախընտրական ցուցակում, պատասխանեց ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը:
Բուն տեղեկատվության վերաբերյալ պարոն Հարությունյանը նկատեց. «Արդյոք ՀՀԿ համամասնական ցուցակն այլեւս պատրա՞ստ է: Կարծում եմ, ինքը` կուսակցությունն, այդ ցուցակի ձեւավորման վերաբերյալ դեռեւս քննարկումների փուլում է, եւ կարծում եմ, դեռեւս վաղ է դրա վերաբերյալ որոշակի բան հայտարարել: Այնպես, որ այդ տեղեկատվությունը դիտարկում եմ, որպես որեւէ լրատվամիջոցի բարի ցանկություն, կամ ցանկալին իրականություն ներկայացնելու միտում»:
Հետաքրքրվեցինք նաեւ` չի՞ պատրաստվում Խոսրով Հարությունյանն առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Պարզվում է, ՀՔԴՄ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձեւի ու ծավալների մասին քննարկումներ դեռեւս չի իրականացրել. «Ինքներդ եք հասկանում, շատ բաներ պայմանավորված կլինեն նաեւ խոշոր, ազդեցիկ կուսակցությունների վարքագծով ու մոտեցումով: Այնպես որ, այդ խնդիրներին մենք կանդրադառնանք, հավանաբար, փետրվարի վերջերին, մարտի սկզբներին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ