Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գտել է իր աշխատակիցներին լավ աշխատելու համար խթանելու ձեւերը: Այսօր այս մասին կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով, որպեսզի նախարարության աշխատակիցները չնեղվեն ցածր աշխատավարձերից, աշխատանքային վատ պայմաններից ու աշխատանքի ժամանակ չմտածեն տուն գնալու մասին, ինքը մշակել է հատուկ միջոցառումներ: «Ամսի 15-ից մեր 50 աշխատակիցները հաճախում են անգլերենի դասընթացների: Նախարարության համաֆինանսավորմամբ որոշ աշխատակիցներ կհաճախեն սպորտ դահլիճներ: Տարվա ընթացքում կլուծվի նաեւ աշխատակիցներին որոշակի տրանսպորտով ապահովելու հարցը, մի մասին կապահովվի աշխատանքի գնալ– գալը»:
Թե էլ ինչ են ուզում աշխատակիցները, նախարարը պարզել է սոցիոլոգիական հարցումներով. «Խնդիրները բավականին պարզ են՝ սկսած սանհանգույցի ինչպիսիությունից, վերելակների ու բուֆետի աշխատանքից:Սրանք առաջնահերթ խնդիրներն են, որ պետք է լուծում գտնեն»:
Նախարարն ասաց, որ ներդրվելու է նաեւ աշխատակիցների խրախուսման համակարգը. «Մի աշխատակիցը կարող է ստանալ աշխատավարձի 3-4 անգամ ավելին տվյալ ամսում, մյուսը կարող է ընդհանրապես չստանալ, բայց այդ գնահատման համակարգն էլ պետք է շատ հստակ լինի: Այդ համակարգը նախարարության շրջանակում կներդրվի երեխաներ ունենալու դեպքում, որոշակի պարգեւավճարներ կստանան ամուսնանալու դեպքում: Ինձ մոտ ստեղծվել է մի իրավիճակ, որ իմ 4 փոխնախարարներն էլ ամուսնացած չեն:Միգուցե այս ձեւով ես կփորձեմ խրախուսել, որպեսզի նրանք ամուսնանան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ