Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Գոչունյան. «Թուրքիայի հայերը որեւէ անհանգստություն` կապված Ֆրանսիայում ընդունված օրենքի հետ, չունեն»

Հունվար 25,2012 16:30

Ֆրանսիայի սենատի ընդունած օրենքը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում Ցեղասպանությունը ժխտողների համար, մեծ հրճվանքով ընդունվեց Հայաստանում եւ Սփյուռքում: Սակայն, բնականաբար, այն չէր կարող նույնքան բուռն ընկալվել Թուրքիայում բնակվող հայերի կողմից: Դեռ դեկտեմբերին Հրանտ Դինքի եղբայրը` Օրհան Դինքը, կոչ էր արել դեմ հանդես գալ այդ օրինագծին , անգամ ասել էր, որ օրինագիծը վիրավորական է.«Մեր ցավն ուրիշների ձեռքում խաղալիք մի դարձրեք»:

Օրինագիծն ընդունվելուց հետո «Առավոտը» կապվեց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի հետ: Հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ արձագանք ստացավ Ֆրանսիայի Սենատի ընդունած այդ օրենքի մասին լուրը Թուրքիայի հայերի շրջանում: Պարոն Գոչունյանը նկատեց, որ Թուրքիայի հայերը, անշուշտ, հետեւում էին այդ ողջ գործընթացին, սակայն վերաբերմունքը մի քիչ տարբեր է, քան մյուսներինը, քանի որ Թուրքիայի հայերը հարցին նայում են այն տեսակետից, թե դա վերջնահաշվում ի՞նչ է տալու մեր երկրներին, եւ իրենք այդ խնդրի ոչ թե կարճաժամկետ, այլ` երկարաժամկետ լուծման կողմնակիցն են:  Իսկ երկարաժամկետ լուծումը, ըստ թուրքահայերի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ, բնականոն հարաբերությունների ստեղծումն է, այնինչ այսօր «երկու հարեւան երկրների միջեւ օրակարգային խնդիրներից դուրս ոչ երկխոսություն կա, ոչ շփում, եւ այդ պարագայում երրորդ երկրների մասնակցությունը եւ ազդեցությունը, անգամ երբեմն` մանիպուլյացիաները դառնում են անխուսափելի»: «Երրորդ երկիր» ասելով Թուրքիայում բնակվող մեր հայրենակիցները նկատի ունեն ընդհանրապես բոլոր երկրները, որոնք այս կամ այն կերպ հայտնվում են հայ-թուրքական հարաբերությունների «ծիրում»:

Պարոն Գոչունյանը կարծում է, որ թուրքահայ համայնքը անհամբերությամբ էր սպասում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ազդարարող արձանագրությունների ստորագրմանը, եւ ներկայումս ցավում է դրանց տապալման համար` անկախ այն բանից, թե ում «մեղքով» եւ ում թողտվությամբ դա եղավ.«Եթե արձանագրությունները կյանքի կոչվեին` դա շատ լուրջ հնարավորություն կտար, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները ձեւավորվեին, եւ, ինչպես թուրքական կողմը հաճախ արտահայտում է այդ ցանկությունը՝ աշխարհի երրորդ երկրները չխառնվեին»: Արա Գոչունյանը գնահատում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` այդ հարցում հետեւողականությունը եւ «դռները բաց պահելու» քաղաքականությունը ու նկատում, որ հայկական կողմն, այնուամենայնիվ, ավելի մեծ կամք դրսեւորեց արձանագրություններին միս ու արդյուն տալու:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ֆրանսիայի Սենատի ընդունած օրենքի արդյունքում Թուրքիայի հայերը թուրք հասարակության կամ թուրքական կառավարության կողմից վերաբերմունքի որեւէ փոփոխության զգո՞ւմ են կամ կզգա՞ն, ապա ըստ Գոչունյանի` Թուրքիայի՝ հանրապետություն դառնալուց հետո առայսօր «ներկայիս կառավարությունը եզակի է»` ազգային փոքրամասնությունների, նրանց մշակույթների եւ ժառանգությունների հանդեպ իր բարյացակամ դրսեւորմամբ: Այսօր, ըստ Գոչունյանի, Թուրքիայում փոքրամասնությունները իրենց սկսել են զգալ «այդ երկրի  հավաքականության մաս եւ ոչ թե օտարածին մարդ», այնպես որ «Ժամանակի» խմբագիրն այդ առումով «որեւէ անհանգստանալու բան» չի տեսնում: Թուրք հասարակության ներսում էլ շատ բան է փոխվել, հնարավոր է խոսել եւ քննարկել այնպիսի թեմաներ, որոնց շուրջ որեւէ զրույց տարիներ առաջ անհավատալի կլիներ: Նա օրինակ բերեց «Միլլիեթ» թուրքական թերթում վերջերս Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսահայ, հակաթուրքական ելույթներով հայտնի Պատրիկ Դեւեջյանի հարցազրույցի հրապարակումը: Ընդ որում` հարցազրույցում խոսվում է Ցեղասպանությունից, Սենատում ներկայացված օրինագծից եւ այլ` թուրք հասարակության համար մինչեւ վերջերս շատ ծանր եւ անթույլատրելի համարվող թեմաներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031