Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի 9 հ/կ-ներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին

Հունվար 25,2012 14:10

արխիվային լուսանկար

Այսօր Սյունիքի մարզի 9 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին` պահանջելով դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները եւ չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը: Մեր զրույցում «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը նշեց, որ նամակը նպատակ ունի եւս մեկ անգամ եւ վերջնականապես անդրադառնալ այս խնդրին եւ տալ հանրությանը բավարարող պատասխան: Հ/կ-ները նկատում են, որ հանրության միակարծությունը անտեսելու դեպքում իրենք ստիպված կլինեն առաջիկայում վերսկսել բողոքի ակցիաները:

«Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են տարատեսակ հանքավայրերի որոնողահետախուզական աշխատանքներ: Հանրության մտահոգությունը` ապահով շրջակա միջավայրում ապրելու մասին, համատարած քննարկման առարկա դարձավ ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները սկսվելուն պես, ինչը հետին պլան մղեց նույնիսկ սոցիալական խնդիրները:

Ի սկզբանե, անտեսելով հարցի չափազանց զգայուն լինելը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, հանրությունը տեղեկացավ համացանցից:

Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով, տեղական հասարակական կառույցները կազմակերպել են ստորագրահավաք, որի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է 13.850 քաղաքացի և մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքները 2010թ.-ի դեկտեմբերին ներկայացվել են ՀՀ կառավարությանը:

Հայտնում ենք մեր վրդովմունքը Սյունիքի մարզում ուրանի հանքերի որոնողահետախուզական աշխատանքների վերսկսման առիթով, ինչը տարածաշրջանում վերստին տագնապ է առաջացրել:

Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը և այն կընկալվի մարտահրավեր` ուղղված հանրությանը և հասարակական կառույցներին:

Մենք հաշվի ենք առնում միջազգային էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի և կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք:

Հարկ ենք համարում նշել նաև, որ հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ: Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ ապրելու պայմանները:

Հիմք ընդունելով հանրության միակարծությունը, պահանջում ենք դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները և չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը», -ասված է բաց նամակում:

Պարոն Փարսադանյանը տեղեկացրեց, որ իրենք կսպասեն նախագահի պատասխանին, որից հետո կհստակեցնեն իրենց անելիքները, չբավարարող պատասխանի դեպքում կրկին կվերսկսեն բողոքի ակցիաները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031