«Առավոտում» կարդալով 2011 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ N զորամասի ժամկետային զինծառայողի մահվան մասին լուրը՝ մեծ ցավ ապրեցի, որ կորցրինք եւս մի հայ զինվոր: Հետագա հրապարակումներն ինձ ստիպեցին, որ ես անպայման արձագանքեմ դրանց:
Նախ ցանկանում եմ նշել, որ հայոց բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր, որպես հայրենիքի պաշտպան, ինձ համար հարազատ է՝ որպես Արցախյան պատերազմի հաղթանակի գործում իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր հայ քաջորդիների սուրբ գործի շարունակող: Իսկ հայոց բանակը ինձ համար ազգային արժեք է, ու ես այս գիտակցմամբ եմ իմ միակ որդուն 2001 թվականին ճանապարհել ԼՂՀ՝ զինվորական ծառայության, եւ նա ծառայել է ԼՂՀ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի մարտական դիրքերում: Հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի ես մոտենում եմ որպես իմ հարազատ որդու, եւ յուրաքանչյուր զինվորի կորուստը ծանր է մեզնից յուրաքանչյուրի համար:
Զինվորի մահից անմիջապես հետո, պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ անկախ հանձնաժողով, որտեղ ընդգրկված են եւ զինվորականներ, եւ ինֆեկցիոնիստ գլխավոր մասնագետներ: Կարծում եմ՝ հանձնաժողովը դատաբժշկական փորձաքննության արդյունքում կկարողանա ճիշտ որոշում կայացնել հիվանդության, նրա ընթացքի, բուժման եւ մյուս հարցերի վերաբերյալ, կամփոփի աշխատանքները եւ կներկայացնի իր տեսակետները՝ վերջնականապես պարզելու զինվորի մահվան պատճառ հանդիսացած հիվանդության եւ ցուցաբերված բժշկական օգնության մանրամասների մասին:
Որպես Արցախյան պատերազմում բազմաթիվ անգամ վիրավորված ազատամարտիկ (վերջին անգամ վիրավորվել եմ 1993թ. սեպտեմբերին՝ ԼՂՀ-ում, մարտական գործողությունների ընթացքում, հակատանկային ականի ականազերծման ժամանակ, մարտական ընկերս տեղում զոհվեց, ես ծանր վիրավորվեցի)՝ անցել եմ բուժման երկարատեւ ժամանակաշրջան՝ տարբեր հիվանդանոցներում, այդ թվում՝ զինվորական հոսպիտալում: Ենթարկվել եմ բազմաթիվ վիրահատությունների:
Կարդացեք նաև
Ոչ միայն ես, այլեւ հազարավոր ազատամարտիկներ հարկ են ունենում հաճախակի հայտնվել զինվորական հոսպիտալում: Նույն նյարդաբանական բաժանմունքի բժշկուհիներ Արմենուհի Սերոբյանի, Հասմիկ Թունյանի, Թամարա Ալեքսանյանի, բժիշկներ Մինաս Մկրտչյանի, հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանի, պետի տեղակալ Աշոտ Զոհրաբյանի, հոսպիտալի անձնակազմի մյուս բուժաշխատողների մասնագիտական եւ երկարամյա աշխատանքային փորձի շնորհիվ շատ շատերս նորից կյանք ենք վերադարձել: Եվ ես ցավում եմ, որ այսօր, այս ծանր իրավիճակում, որոշ լրատվամիջոցներ այդ բժիշկներին ներկայացնում են մեր հասարակությանը՝ որպես անհոգի, անսիրտ էակներ, էմոցիոնալ բնույթի վիրավորական հայտարարություններ են հրապարակում զինվորական հոսպիտալի ամենօրյա բարձր ռիսկային միջավայրում ծառայող բուժանձնակազմի վերաբերյալ:
Զինվորական հոսպիտալը, որպես զորամաս, գտնվում է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարության անմիջական վերահսկողության տակ, այնտեղ բարձիթողի վիճակ չէ, ինչպես ներկայացվում է հրապարակվող հոդվածներում, եւ այդպիսի հոդվածների հրապարակումով կասկածի տակ է դրվում բանակի կարգապահությունը եւ մարտունակությունը, այդպիսի տեղեկատվությունները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, այլեւ չեն բխում մեր բանակի ազգային եւ պետական շահերից:
Բանակը ազգային արժեք է, եւ եթե այնտեղ խնդիր է առաջացել, ուրեմն այդ խնդրի մեղավորին պետք է փնտրել հասարակության մեջ, մեղավորը մենք բոլորս ենք, եւ բանակ ներթափանցած ցանկացած դատապարտելի երեւույթի պատճառը, հարուցիչը հասարակությունն է, անառողջ հասարակական հարաբերությունները, ոչ նորմալ բարքերը, տարիներով կուտակված եւ մեզ հասած անընդունելի սովորությունները, անհանդուրժողականությունը եւ ոչ թե անհատ անձինք՝ ինչպես ներկայացվում է:
Իսկ զինվորի մահը բոլորիս վիշտն է, այդ թվում՝ զինվորական հրամանատարության եւ առաջին հերթին՝ զինվորական հոսպիտալի ողջ անձնակազմի, որոնք, իմ խորին համոզմամբ, ավելի ցավագին են սգում այդ անփոխարինելի կորուստը, վիշտը:
ԱՐՏՈՒՇ ԲԱԼՅԱՆ
Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ
«Առավոտ» օրաթերթ