Լրահոս
Օրվա լրահոսը

Կավարտ թաղամասի ճանապարհը սերնդեսերունդ չի նորոգվում

Հունվար 25,2012 13:32

Կավարտը Կապանի ծայրամասային թաղամասերից է: Փոքրիկ գյուղի է նման, նույնիսկ թաղամասի բնակիչները շարունակում են իրենց թաղամասը նախկինի պես գյուղ անվանել: Անհատական տներից ու տնամերձ այգիներից բաղկացած այս թաղամասում ապրում է մոտ 500 կավարտցի: Կավարտում կա մանկապարտեզ, դպրոց, ակումբ- գրադարան: Մի խոսքով՝ որոշ հարմարավետություն կա կյանքը միապաղաղ չանցկացնելու համար: Սակայն գյուղացիների համար առաջնահերթ է մնում անմխիթար ճանապարհի հարցը, որի մասին խոսելիս մնացած դժվարություններն ու հոգսերը մի պահ մոռանում են: Կավարտի ճանապարհի նորոգման մասին այնքան է ասվել, որ բնակիչները նույնիսկ տրտնջում են, թե արդեն հոգնել են այդ մասին բարձրաձայնելուց: Նույնիսկ տաքսիներն են հրաժարվում Կավարտ բարձրանալ, հաճախորդներին պատճառաբանելով, որ մեքենան ջարդուխուրդ է լինում, եւ պետք է մեծ գումարներ ծախսեն այն նորոգելու համար: Իսկ որ վարորդները համաձայնում են՝ կրկնակի գումար են պահանջում ուղեւորներից: Գյուղամիջում մեզ հանդիպած կավարտցիներն ասացին, որ արդեն հոգնել են ու ամաչում են անընդհատ այդ մասին խոսելուց: «Ո՞վ չգիտի, որ մեր ճանապարհը քանդված ա, ում ասես, որ չենք դիմել, արդեն հոգնել ենք նույն բանը 100 անգամ կրկնելուց: Փոսերն ավելի շատ են, քան ասֆալտը: Փոսերը բերում են լցնում, բայց դրանով խնդիրը չի լուծվում: Պիտի հիմնանորոգվի վերջապես, բայց թե երբ ենք ասֆալտի երես տեսնելու՝ չգիտենք, բայց ուրիշ ճանապարհ չկա քաղաք հասնելու համար: Տարիներ առաջ մեր մեծերն էին դժգոհում, հիմա էլ հերթը մեզ է հասել, սենց որ շարունակվի՝ չի բացառվում, որ մեր հաջորդ սերունդն էլ մեր օրինակին կհետեւի: Բացի էդ, գյուղամիջյան ճանապարհների վրա էլ վիճակ չկա: Քաղաքի թաղամաս ա կոչվում, բայց դե մենք էլի գյուղ ենք ասում, որովհետեւ էս վիճակով թաղամաս կոչելը ճիշտ չի»,- մեզ հետ զրույցում դժգոհեցին կավարտցիները:

Անցած տարի պետբյուջեի միջոցներով ասֆալտապատվել է Կավարտ տանող ճանապարհի միայն սկզբնամասը, ավելի ճիշտ՝ Ռաֆայել Մինասյան փողոցը՝ մինչեւ նախկին «Էլեկտրոն» գործարան, որից օգտվում են նաեւ Աշոտավան, Արփիկ եւ այլ թաղամասերի բնակիչները: Սակայն կավարտցիներին չգոհացրեց ընդամենը մի հատվածի նորոգումը: Կավարտի թաղային լիազոր Գագիկ Խաչատրյանը մեզ ասաց, որ խնդրի մասին բազմաթիվ ատյանների է դիմել, նույնիսկ անձամբ է նամակ տվել երկրի նախագահին. «Կավարտի ճանապարհը ռազմավարական շատ մեծ նշանակություն է ունեցել ժամանակին: Արցախյան պատերազմի տարիներին՝ 1990-94թթ., միակ ճանապարհն էր, որ ամբողջ մարզը կապում էր Երեւանի հետ: Կավարտցիները 30 տարի է՝ բողոքում են: Ես անձամբ նամակ եմ տվել նախագահին: Պետբյուջեից գումարներ հատկացվեցին, առաջին փուլով բերել են մինչեւ Աշոտավան սարքել, մնացած տեղը նույն անմխիթար վիճակն է: Կավարտցիները բողոքել են, փոխարենը բերել են աշոտավանցիների, արփիկցիների ճանապարհը սարքել, տաքսու վարորդները մինչեւ Աշոտավան են գալիս, իսկ մեր մեքենաները մինչեւ մեր թաղամաս հասնում են՝ նորոգման կարիք են ունենում: Հույս ունենք, որ գոնե շարունակությունն էլ կանեն, էդ հույսով սպասում ենք»: Իսկ շարունակության մասին, ինչպես պարզվում է, դեռեւս խոսք չկա:

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը տեղեկացնում է, որ ներկայումս միջոցներ չկան Կավարտ տանող ճանապարհի նորոգման համար: Կառավարության պահուստային ֆոնդից անցած տարի մարզերին հատկացված 10 միլիարդ դրամից այս նպատակի համար գումար չի նախատեսվել: «Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից նախապատվություն է տրվել գումար հատկացնել դեպի զորամաս գնացող Գրիգոր Արզումանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար՝ մոտ 208 միլիոն դրամ: Այդպիսով կապահովվի երթեւեկությունը Քաջարան, Մեղրի քաղաքներ եւ միեւնույն ժամանակ կբեռնաթափվի Հունան Ավետիսյան փողոցի շարժը, որտեղ բավականին դեպքեր էին գրանցվում: Իսկ ինչ վերաբերում է Կավարտի ճանապարհին, կիսում եմ այդ մտահոգությունը, բայց նախքան դրան անդրադառնալը, քաղաքում կան հատվածներ, որոնց ասֆալտապատումն ու նորոգումն ավելի անհրաժեշտ են. ներթաղամասային հատվածներ՝ Ձորք, Բաղաբերդ թաղամասերում, Շինարների թաղամասեր տանող ճանապարհահատվածի, Շահումյան փողոցի աջափնյակի բարեկարգման, կառուցապատման խնդիրը կա, սրանք պետք է կատարվեն, որից հետո նոր անդրադառնալ Կավարտի ճանապարհին»,- պարզաբանեց Ա. Ուստաբաշյանը:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031