Լրահոս
Օրվա լրահոսը

«Կադաստրում ոչ տիկին Նանյան կլինի, ոչ էլ հերթագոյացումներ»

Հունվար 25,2012 13:21

Մի քանի օր առաջ «Առավոտը» կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Գյումրիի նորաբաց գրասենյակի պետ չնշանակեցին Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին: Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, Լ. Նանյանին սպասվում էր կադաստրի պետի պաշտոնը: Ֆելիքս Բաշոյանը պարզաբանեց, որ իրենց կառույցում տիկին Նանյանի հարցը երբեք չի քննարկվել, եւ իրենք նպատակահարմար են գտել այդ պաշտոնի համար ընտրություն կատարել կադաստրի համակարգից եւ պետ նշանակել  երկարամյա աշխատող Սոս Մինասյանին:

Տիկին Նանյանն էլ, իր հերթին, մեզ հետ զրույցում զարմացավ, թե ինչո՞ւ են գյումրեցիները դեռ իրեն հիշում՝ կադաստրում պաշտոնի են դնում ու հանում: Անկախ այն հանգամանքից, թե վերեւներում ում են նախընտրում, սովորական քաղաքացուն հետաքրքրում է առանց բյուրոկրատական քաշքշուկների սպասարկվելու հարցը: «Առավոտը» Ֆելիքս Բաշոյանին հարցրեց, թե ինչո՞վ են պայմանավորված վերջերս Գյումրիի կադաստրի մուտքի մոտ առաջացած  հերթագոյացումներն ու մարդկանց դժգոհությունները. չէ՞ որ այս համակարգում կատարված բարեփոխումները հենց քաղաքացիների գործը թեթեւացնելուն ու ամենագլխավորը՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն էին միտված: Պարոն Բաշոյանը սա բացատրեց հունվարի 1-ից բոլորովին այլ համակարգի անցնելով. «Բոլորովին այլ կառույցի ենք անցել. նախկինում կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներն էին ընդունում դիմումները, եւ իրենք էլ գրանցում էին, հայտնի բարեփոխումների սահմաններում կատարվեցին բավականին մեծ կառուցվածքային փոփոխություններ, սպասարկման գրասենյակները առանձնացվեցին տարածքային ստորաբաժանումներից»:

Ըստ նրա, 51 տարածքային ստորաբաժանումների փոխարեն ստեղծվել են  ընդամենը 11 տարածքային գրանցման գրասենյակներ՝ ամեն մարզկենտրոնում եւ մեկ հատ էլ՝ Երեւանում. «Իսկ սպասարկման գրասենյակները մնացին նախկին տարածաշրջաններում, այսինքն՝ քաղաքացին պարտավոր չէ դիմել կադաստրի գրանցման գրասենյակ, այլ կարող է դիմել սպասարկման գրասենյակ, ընդ որում՝ այնտեղ, որտեղ ցանկանում է, օրինակ՝ Երեւանում կարող է դիմել Գյումրիի իր անշարժ գույքի գրանցման նպատակով եւ պատասխանը կամ գրանցման վկայականը ստանալ հենց Երեւանում»,- պարզաբանեց Ֆ. Բաշոյանը: Ըստ նրա, քանի որ դեռեւս սկիզբն է, փոքր-ինչ դժվարություններ կան, եւ այդ պատճառով էլ Գյումրիում հերթեր են գոյացել. «Մենք փորձում ենք հաղթահարել դժվարությունները, բայց ոմանք նոր աշխատող համակարգը փորձում են սեւացնել, ես այսօր Գյումրի եմ եկել հատուկ այդ քաղաքացիների բողոքը լսելու: Դիմում ընդունող օպերատորների քանակը ավելացրինք, տեսաներածման սարքերն են ավելացվել, հիմա ամեն ինչ նորմալ է ընթանում: Վաղվանից կարող եք գալ ու ձեր աչքով տեսնել, համոզվել, որ ոչ մի հերթ չի լինելու: Փոքր հերթերը բնական բան են, որովհետեւ միանգամից  30-40 հոգի գալիս են դիմում գրելու, ի վերջո 5-6 հոգանոց հերթը ոչ մի բան չի նշանակում: Մենք ամեն ինչ անում ենք ժողովրդին բարեհամբույր ու ճիշտ ժամանակին սպասարկելու համար»,- վստահեցրեց կադաստրի բարձրաստիճան պաշտոնյան: Մենք նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե  սպասարկումից  դժգոհ մնացած քաղաքացիները ունե՞ն արդյոք հնարավորություն վերադասին դիմելու, գործո՞ւմ է թեժ գիծ: «Իհարկե, ունենք, օպերատորը հեռախոսի մոտ նստած պատասխանները տալիս է եւ փոխանցում է տվյալ մասնագետին, որ այդ հարցը շատ արագ կարգավորվի»,- տեղեկացրեց Ֆ. Բաշոյանը: Նա նաեւ վստահեցնում է, որ այնպիսի պայմաններ են ստեղծված, որ քաղաքացիները հանգիստ նստեն ու անձամբ լրացնեն իրենց դիմումները: Ըստ պաշտոնյայի,  բոլոր սպասարկման գրասենյակներում փակցված են թե՛ գնացուցակները, թե՛  իրավահաստատող փաստաթղթերի ցանկը, թե՝ որ գործարքի դեպքում ինչ փաստաթուղթ պետք է ներկայացվի: Պաշտոնյան խոստանում է վերահսկողական այցով նորից Գյումրի այցելել ու իրավիճակն անձամբ հսկել:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031