Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծխելն ու խմելը «կթարգե՞ն»

Հունվար 25,2012 13:15

Եթե «չթարգեն» էլ, գոնե խմիչքի ու ծխախոտի հարկերը կուղղվեն մարդկանց առողջության պահպանմանը

Հակառակ ՀՀ կառավարության այն պնդումներին, թե մեր տնտեսությունը զարգանում է, բյուջեն էլ գնալով ավելանում է, ինչը ենթադրում է, որ պետք է ավելանա նաեւ հասարակության համար կարեւորագույն ոլորտներից մեկի՝ առողջապահության համակարգի պետական ֆինանսավորումը, մասնագետների տվյալներն այլ բան են վկայում: Վերջերս «Վորլդ Վիժն Հայաստան» գրասենյակի մասնագետները հաշվարկել են, որ տարեցտարի առողջապահական ոլորտի պետական ֆինանսավորումը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ մի բան էլ կրճատվում է:

«Վորլդ Վիժն Հայաստանի» տնտեսական գծով փորձագետ Արտակ Քյուրումյանի ներկայացմամբ՝ եթե 2 տարի առաջ առողջապահության պետական ֆինանսավորումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 1,7%, ապա այսօր այն 1,6% է, այսինքն՝ ՀՆԱ-ի նկատմամբ տեսակարար կշիռն ընկել է. «Եվ սա 2012-2014 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի համաձայն՝ շարունակելու է ընկնել, ինչն անհանգստացնող միտում է»: Ա. Քյուրումյանի խոսքերով՝ այս առումով, համեմատվելով քիչ թե շատ Հայաստանին նման երկրների հետ, մենք հետ ենք Մոլդովայից ու Վրաստանից. «Ընդհանուր առողջապահական ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ 2009-ին Մոլդովայում կազմել են 11,9%, Վրաստանում՝ 10,1, Հայաստանում՝ 4,7%: Որքան պետությունը շատ գումար տա, այնքան ընդհանուր առողջապահական ծախսը մեծ է ստացվում, հասարակությունն էլ առողջանում է, այսինքն՝ այդ ծախսերն ուղղվում են հանրային առողջությանը»:

Ամեն անգամ, երբ ոլորտի մասնագետներն առաջարկում են հանրային առողջության պահպանման համար որեւէ լուրջ ծրագիր իրականացնել, կառավարությունը հորդորում է գտնել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ՝ պատճառաբանելով, որ բյուջեի գումարները սուղ են:

Նկատենք, որ զարգացած երկրներում, որպես կանոն, այլընտրանքային աղբյուր են հանդիսանում հանրային առողջությանը վնաս հասցնող ապրանքներից գանձվող հարկերը:

«Վորլդ Վիժն Հայաստանը» մեր երկրում առաջարկում է, ասենք՝ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկերը բարձրացնել եւ այդ ավելացված գումարն ուղղել առողջապահության ոլորտին: «Վորլդ Վիժն հայաստանյան» ընկերության ներկայացուցիչները մտահոգիչ են համարում մեր երկրում առկա՝ կրծքագեղձի եւ արգանդի քաղցկեղի խնդիրը: Ըստ նրանց՝ բազմաթիվ կանայք այսօր գումար չունենալու պատճառով չեն դիմում բժշկի. «Իսկ եթե լինի, ենթադրենք, որեւէ հիմնադրամ, որը կֆինանսավորի, որպեսզի կանայք անվճար հետազոտվեն, իսկ այդ հիմնադրամը ֆինանսավորվի մեր առաջարկած հարկերից, ապա աստիճանաբար նման լուրջ խնդիրներ չեն լինի: Այդ ֆինանսավորումը կարող է ուղղվել երեխաների առողջության պահպանմանը, կամ ասենք՝ թոքի քաղցկեղի եւ առհասարակ՝ հանրային առողջության խնդիրների լուծմանը»:

Կազմակերպության փորձագետի հաշվարկներով, ներկայումս 190 հազար կին ռիսկային խմբում է, մամոգրաֆիկ հետազոտությունն արժե 8 500 դրամ, իսկ 1 խորհրդատվությունը՝ 1200 դրամ. «1 միլիարդ 600 միլիոն դրամ է անհրաժեշտ 190 հազար կնոջ անվճար մամոգրաֆիկ ծառայության համար: Ճիշտ է, մեր առաջարկած հարկերի բարձրացումից այնքան էլ շատ գումար չի հավաքվում՝ մոտ 4-5 միլիարդ, եւ դրանով գլոբալ հարցեր հնարավոր չէ լուծել, սակայն դա գոնե աջակցություն կլինի»:

Այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր է առաջարկվում նաեւ բջջային կապի օպերատորներից եւ կապից օգտվողներից ամեն ամիս սիմվոլիկ, ինչպես նախաձեռնության հեղինակներն են ասում՝ «համերաշխության» գումար գանձելը:

Այլընտրանքային ֆինանսավորման վերոնշյալ նախաձեռնությունները արդեն մի քանի անգամ քննարկվել են ԱԺ-ի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում, եւ ինչպես մասնագետներն են կարծում, դեռ վաղ է կանխատեսումներ անել, թե ինչ արդյունք կունենանք:

Ակցիզային հարկի բարձրացումը բնականաբար հանգեցնելու է ապրանքի գնի բարձրացմանը: Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք նախագիծը ԱԺ-ում չի՞ տապալվի միայն նրա համար, որ հարկերի բարձրացումը հասարակական դժգոհություններ կառաջացնի: Բաժնի պետի համոզմամբ՝ եթե մարդիկ հասկանան, որ մի օր էլ իրենք՝ անկախ սոցիալական վիճակից, կարող են անվճար օգտվել որեւէ առողջապահական ծրագրից, ապա դժվար թե դեմ լինեն այդ ապրանքների գների բարձրացմանը. «Հենց ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն, եւ երկուսն էլ վնասակար են առողջությանը: Եթե բարձրացվի վառելիքի կամ հացի գինը, ապա համատարած գնաճ կլինի, ուստի լայն սպառման, բայց ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ են ընտրվել: Առաջարկվող նախագծով հաղթող-հաղթող տարբերակն է՝ շահում է ե՛ւ պետությունը, ե՛ւ հասարակությունը: Մի կողմից՝ առողջապահության բյուջեն է մեծանում, մյուս կողմից՝ մարդիկ կամ կթարգեն, կամ էլ քիչ կօգտագործեն ծխախոտ ու ալկոհոլային խմիչք: Բոլոր նրանք, որոնք վճարում են, պիտի հասկանան, որ դրանից մի օր իրենք էլ են օգտվելու: Սկզբունքը ոչ թե միայն անապահով խավին օգնելն է, այլ բոլոր խոցելի եւ ռիսկային խմբերին»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031