Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչումից եւ դատապարտումից դեպի կանխարգելում եւ հատուցում

Հունվար 25,2012 13:03


Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարեւոր է ոչ միայն աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացի խթանման համար, այլեւ թուրքական քսենոֆոբիայի, ժխտողականության եւ պատմական փաստերի կեղծման պետական քաղաքականությանը հակազդելու տեսանկյունից։ Այն նաեւ բարձրացնում է բարոյական հատուցումը դեկլարատիվից նոր՝ կանխարգելիչ մեխանիզմների գործարկման մակարդակի։

Կարեւոր էր այն, որ Հայոց ցեղասպանությունը մեկ հարթության վրա դրվեց Հոլոքոստի եւ Ռուանդայի ցեղասպանության հետ։ Սա այն դեպքն էր, երբ եզակիության գործոնը աշխատում էր ոչ թե հօգուտ, այլ ի վնաս, իսկ խնդիրը տեղափոխելով «հայերինը լինելուց» դեպի համամարդկային հարթություն եւ ունիֆիկացնելով մյուս՝ արդեն բոլորի կողմից ճանաչված ցեղասպանությունների հետ, մնացած երկրների համար ճանաչման անհրաժեշտության հիմնավորումներն ու փաստարկումները էապես հզորանում են։

Սա Ֆրանսիա-Հայաստան-Սփյուռք եռամիասնության հաղթանակն էր։

Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ Ֆրանսիայի դարավոր բարեկամական հարաբերությունները ոչնչով չեն զիջում ռազմավարականին եւ ոչ թե արարողակարգային են, այլ գործնականորեն արդյունավետ։

Ցեղասպանության ժխտողականության դեմ օրինագծի ընդունումը պատմական արդարության վերականգնման ու հատուցման ուղղությամբ Հայաստան-Սփյուռք ջանքերի համատեղման տրամաբանական արդյունքն է։

Թեեւ ոմանք առանձնացնում, շահարկում են դրդապատճառներից «կարեւորագույնը», իսկ որոշ ուժեր փորձում սեփականացնել գրանցված հաջողությունը, ակնհայտ է, որ օրինագծի ընդունումը շահագրգիռ բոլոր ուժերի ջանքերը ժամանակին մոբիլիզացնելու եւ փոխլրացնելու արդյունք է։

Օրինագծի ընդունումը հայկական ընտրազանգվածի ձայները շահելու հետ կապելը անհեթեթություն է մի երկրում, որտեղ թուրքալեզու ընտրազանգվածը շատ ավելի մեծաքանակ է, իսկ հայկական կազմակերպություններն ու ականավոր գործիչները բազմակարծիք են քաղաքական հայացքների ու կուսակցական կողմնորոշումների հարցում։

Իսկ այն փաստարկը, թե օրինագծի ընդունումը Ֆրանսիայի իշխանություններն օգտագործեցին որպես Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ ճնշման գործիք՝ ամենեւին ճշմարիտ չէ։ Թեեւ Ֆրանսիան դեմ է Թուրքիայի եվրաինտեգրմանը, վերջինիս ճանապարհին արդեն իսկ առկա խոչընդոտներն էլ (կիպրական խնդիր, ժողովրդավարական բարեփոխումներ) բավական են։ Ֆրանսիան միշտ աչքի է ընկել մարդու իրավունքների պաշտպանի իր համբավով եւ համարձակությամբ՝ դրանք պաշտպանելու համար միջոցների ընտրության հարցում։ Սակայն հենց Սարկոզիի վարչակարգն էր, որ միջազգային վերջին զարգացումների ֆոնին, զգալով միջազգային ասպարեզում Ֆրանսիայի աննախադեպ եւ օրեցօր ավելացող հզորացումը, փորձեց կրկին անգամ անցկացնել օրինագիծը։

Ուշագրավ է նաեւ այն, որ Հայաստանը կարողացավ չեզոքացնել, ես կասեի՝ հակառակ օգտագործել Ցեղասպանության ճանաչման խաղաքարտը հայ-թուրքական կարգավորման գործընթացում։ Թվում էր, թե միջազգային հանրությունը պետք է ենթարկվեր հայ-թուրքական գործընթացին չվնասելու համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելու թուրքական հորդորներին։ Սակայն ստացվեց այնպես, որ միջազգային հանրության քայլերը վերահաստատում են կարգավորման հիմքում ընկած Հայաստանի այն դիրքորոշումը, որ երկու գործընթացները որեւէ կերպ փոխկապակցված չեն, եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացից հետ կանգնելը չի կարող պայման լինել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերակենդանացման համար։

Ֆրանսիայի հայկական սփյուռքը՝ ի դեմս քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում ներգրավված ականավոր գործիչների ու մտավորականների, տարիներ շարունակ ակտիվ լոբբինգ էր անում նախ՝ Ցեղասպանության ճանաչման, իսկ հետո էլ ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունման օգտին եւ հասել էր մեծ արդյունքների։ Այնուամենայնիվ, որոշումների ընդունման գործընթացում կա մի պահ, մի հատված, երբ որոշման ընդունման համար ներքին լոբբինգն ու ներքաղաքական իրավիճակը բավարար չեն, եւ կարեւոր գործոն կարող են հանդիսանալ արտաքին ազդակներն ու խթանները։ Նախորդ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան, որը իրավամբ որակվեց որպես պատմական, դարձավ առանցքային եւ որոշիչ՝ գործընթացը վերսկսելու համար։

Նշեմ, որ նմանատիպ օրինագիծ վերջին տարիներին ընդունել են նաեւ Շվեյցարիան եւ Սլովակիան, ինչը ցույց է տալիս, որ Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության համատեղ ջանքերի կոորդինացումը նոր մարտավարության ուղղությամբ առավել քան արդյունավետ է։ Ավելին, Հայաստանը, որպես պետություն, ապացուցեց, որ շարունակում է մնալ հայ ժողովրդի պահանջատիրության առաջամարտիկ եւ վերջին տարիներին ամենեւին էլ չի թուլացրել ջանքերն այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ հետագայում եւս պետք է ուժերը կենտրոնացնել ոչ միայն ճանաչման եւ դատապարտման օրինագծերի ընդունման, այլեւ գլխավորապես Թուրքիայի անզուսպ մերժողականությունը սանձահարող նմանատիպ օրենքներ անցկացնելու շուրջ։

Այս փայլուն հաղթանակը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Սփյուռք-Հայաստան կապը միակողմանի չէ, եւ Հայաստանի իշխանությունները վճռական են հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման համար գործուն դերակատարություն ունենալու հարցում։

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ԱԺ փոխխոսնակ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031