Համամասնական ցուցակի որեւէ քննարկում Հանրապետական կուսակցությունը չի կատարել, իսկ մամուլում հրապարակվող լուրերը՝ կապված Արտաշես Գեղամյանի եւ այլ քաղաքական գործիչների՝ Հանրապետականի ցուցակում հանդես գալու հետ մոտիվացիա, կանխատեսումներ են: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Սակայն միեւնույն ժամանակ չհերքեց. «Բնականաբար Հանրապետականի ցուցակը միշտ էլ ապահովված է եղել այլ կուսակցությունների գործիչներով եւ անկուսակցականներով»: Իսկ լրագրողներից մեկի հետաքրքրությանը, թե ինքն անձամբ կուզե՞ր, որ Արտաշես Գեղամյանը Հանրապետականի ցուցակով դառնար պատգամավոր, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ պատահական ինչ որ բան ասեմ, որովհետեւ լինելով Հանրապետական կուսակցության փոխնախագահ, իմ ասածը կարող է որպես հիմնավոր մեկնություն դիտվել, դրա համար խուսափում եմ պատասխանից»:
Գ. Սահակյանը շեշտեց, որ թեպետ դեռեւս քննարկումներ չեն եղել, բայց գտնում է, որ այս ընտրություններին էլ Սերժ Սարգսյանը՝ որպես կուսակցության նախագահ, կգլխավորի ՀՀԿ-ի համասնական ցուցակը: «Ժառանգության» եւ ՀՅԴ առաջարկությունը՝ Ընտրական օրեսգրքի փոփոխություններին, մենք էլ նպաստեցինք, որ հաջող PR իրականացվի ընդդիմության կողմից»,- նշեց նա:
Լրագրողներից մեկը հարցրեց՝ մամուլում շրջանառվում է, թե Հանրապետականներից ով որ ոլորտի համար է պատասխանատու լինելու շտաբում: «Կուսակցություններն անընդհատ շտաբային գործունեության մեջ են, որովհետեւ անընդհատ ընտրություններ են, պարզապես մեր հասարակության համար ավելի կարեւորվում են պառլամենատական ընտրությունները, մենք կարեւորում ենք նաեւ համայնքային ընտրությունները: Ընտրական շտաբը վերաձեւավորման ընթացքում է գտնվում, օրեցօր որոշակիորեն բանաձեւումներ են լինում շտաբի կողմից, այսօր արդեն սկսված են աշխատանքները նախընտրական ծրագրի ամբողջական ռազմավարությունը»,- պատասխանեց նա՝ նշելով, որ Հանրապետականն իր ցանկը վերջնականապես կկազմի այն պահին, երբ պետք է մուտք գործի ընտրական հանձնաժողով: Իսկ արդյոք ինքը լինելու՞ է հարցին էլ պատասխանեց՝ «Եթե դուք մեծ ցանկություն ունենաք, ապա ես էլ կլինեմ: Կարծում եմ ես ավելի բարձր ծանրաձողի կողմնակից եմ, ես միշտ կլինեմ քաղաքական դաշտում»:
Կարդացեք նաև
«Այս պահին քաղաքական ինտրիգներ չեն սպասվում»,- հայտարարեց նա, իսկ լրագրողի հետաքրքրությանը, թե երբ են սպավում, Գ. Սահակյանն արձագանքեց. «Երբ ընտրական գործընթացը սկսում է»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ