Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերեջյանի բանաձեւով

Հունվար 25,2012 12:38

Դուք գիտե՞ք, թե ով է Էդվարդ Ջերեջյանը: Նա հայտնի ամերիկացի դիվանագետ է, Միջին Արեւելքի խոշոր մասնագետ, Քլինթոնի վարչակազմում պետքարտուղարի խորհրդական: Ահա այդ դիվանագետը ձեւակերպել է փայլուն, իմ կարծիքով, բանաձեւ, թե ինչպես են իսլամիստները վերացնում ժողովրդավարությունը. «Մեկ մարդ՝ մեկ ձայն: Մեկ անգամ»: Խոսքն այն մասին է, որ իսլամական շարժումներն իշխանության են գալիս ընտրությունների միջոցով, որից հետո ամեն ինչ անում են, որ այդ ընտրությունները վերջինը լինեն, որովհետեւ երկիրն, ըստ նրանց, պետք է ապրի շարիաթի օրենքներով, իսկ վերջինիս տեսանկյունից կուսակցությունները, ընտրությունները, խորհրդարանը եւ «սատանայական Արեւմուտքի» այլ հնարքները եթե ոչ ամբողջությամբ են ավելորդ, ապա երկրորդական են եւ անկարեւոր:

Եգիպտոսի խորհրդարանի՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած առաջին նիստը ցույց է տալիս, որ այդ երկիրը շատ մոտ է Ջերեջյանի բանաձեւի իրագործմանը: Սա առաջին խորհրդարանն է, որն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով՝ Մուբարաքի բռնապետական, բայց միանգամայն աշխարհիկ ռեժիմի տապալումից հետո: Ավելի ճիշտ կլինի ասել՝ «կիսատապալումից», որովհետեւ իրական իշխանությունը Եգիպտոսում առայսօր էլ պատկանում է զինվորականներին: Ո՞ւմ են ընտրել եգիպտացիները, այսպես ասած, «սրտի կանչով»: Ազատական եւ ձախ կուսակցություններն այդ խորհրդարանում կազմեցին բացարձակ փոքրամասնություն: 498 ձայնից 230-ը ստացել է «Ազատություն եւ արդարություն» կուսակցությունը, որը «Մահմեդական եղբայրների» քաղաքական թեւն է: Արմատական մահմեդական «Լույսի կուսակցությունը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 120 ձայն: Այդ կուսակցությունը ներկայացնում են ավանդապաշտական իսլամի այն ներկայացուցիչները՝ սալաֆիտները, որոնք կոչ են անում վերադառնալ իրենց կրոնի ակունքներին եւ քարոզում են դրանից բխող ապրելակերպ: Թե ինչպես է այդ ամենը առնչվում արեւմտյան պառլամենտարիզմի հետ, դժվար է ասել: Համենայնդեպս, նրանց քաղաքական պլատֆորմի առանցքային դրույթներից է՝ «ժողովրդավարությունը անհավատություն է» կարգախոսը: Սալաֆիտներին մեղադրում են քրիստոնյաների եւ նրանց եկեղեցիների նկատմամբ ոտնձգությունների մեջ: Նրանք գտնում են, որ քրիստոնյաները, շարիաթի օրենքների համաձայն, պետք է կամ մուծեն «հոգեհարկ» («ջիզյա»), կամ էլ լքեն երկիրը:

Այդ ֆոնի վրա «Մահմեդական եղբայրներն» ավելի չափավոր է երեւում՝ նրանց նախընտրական ցուցակում նույնիսկ երկու ղպտի (քրիստոնյա) կար: Բայց քաղաքական առումով այդ շարժումն էլ ունի վտանգավոր կետեր: Մասնավորապես, նրանց ծրագրային կետերում կա համաժողովրդական հանրաքվե՝ Իսրայելի հետ խաղաղ պայմանագիրը խզելու վերաբերյալ: Թե ինչ է դա նշանակում՝ դժվար չէ կռահել:

Գուցե ավելի լավ է՝ մնար Մուբարաքի բռնապետությո՞ւնը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել