Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ մտքներով չի անցել «Լեոնիդ Ազգալդյան» կամ «Մոնթե» ակումբներ ունենալ

Հունվար 25,2012 11:49

Չենք կարող առնվազն տարակուսանք ու զարմանք չարտահայտել նման դրսեւորման առնչությամբ, որ ուղղագիծ օտարամոլության միանգամայն վանող տպավորություն է թողնում։ Նախ, որքան էլ բարեկամական, բայց մեկ ուրի՛շ երկրի ղեկավարին սեփական երկրում «ռասկռուտկա» անելու ցանկությունն է անհասկանալի։ Առավել եւս, չի կարող չանհանգստացնել այդ ամենին զանգվածային ու ցանցային բնույթ հաղորդելու մտադրությունը։
Անհասկանալի է, պետական, քաղաքական հայ գործիչներ, ի՞նչ է, չկա՞ն, մեր պատմական ու արդի իրականության մեջ սովորելու եւ ճանաչելու, հասկանալու եւ հպարտանալու օրինակներ չկա՞ն, որ օտար երկրի ղեկավարին են ուղեցույց վերցնում մարդիկ, որոնք ներկայանում են նաեւ «հազարավոր հայ երիտասարդների» անունից։ Անհեթեթություն է։
Լավ, ինչո՞ւ «Պուտին» ակումբներ։ Իսկ միգուցե ավելի ճիշտ ու լավ կլիներ, որ «Արամ Մանուկյա՞ն» ակումբներ բացվեին, կամ «Գարեգին Նժդեհ». այնքա՜ն գործիչների կարելի է նշել, որոնց կյանքն ու գործունեությունը ոչ միայն պետք է ուսումնասիրել, ոչ միայն իմանալ, այլեւ իսկապես՝ ուղեցույց ունենալ։ Մովսես Գորգիսյանի 50-ամյակի մասին ազդարարում ենք գովազդային վահանակներից, որ ուրիշ երկրի ղեկավարի անունո՞վ ակումբներ բացվեն Երեւանում։ Իսկ ինչո՞ւ մտքներով չի անցել, «Լեոնիդ Ազգալդյան» կամ «Մոնթե» ակումբներ ունենալ։
Այսինքն՝ ո՞վ, ո՞ւմ օրինակն ու գաղափարները պետք է լինեն հայ, կրկնում ենք, հա՛յ երիտասարդների համար առաջնահերթ ու հետաքրքիր, ընդօրինակման ենթակա, եթե ոչ հենց մեր բազմաթիվ մեծերն ու հերոսները։ Ո՞ւմ գաղափարով պետք է երիտասարդությունը դաստիարակվի։ Իսկ Պուտինի գաղափարներն ու նպատակները միգուցե, այնուամենայնիվ, թողնենք ռո՞ւս երիտասարդությանը։
Անդրանիկ Նիկողոսյանը, որին տարբեր լրատվամիջոցներում հիշատակում են որպես «մեդիամագնատ», ասում է, թե բացառապես իր եկամուտների հաշվին, իր միջոցներով է իրականացնելու այդ ամենը, որքան հասկանալի է, թե՛ «Ռուսական գրքի տները», թե՛ դրանցում ծրագրած «Պուտին» ակումբները։ Ու կրկին անհասկանալի է, որ հայ անձնավորությունը, հայ գրատպության 500-ամյա հոբելյանի տարում ամենից առաջ «Հայ գրքի տներ» բացելու ցանկություն չի ունենում։
Լավ, այս ի՞նչ օտարամոլության, օտարապաշտության ցեց է մտել մեր հասարակության թեկուզ մի հատվածի մեջ։ Եվ ո՞ւր կարող է մեզ տանել այդ ամենը։
Մյուս կողմից՝ ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել, օտարապաշտությունից բացի, եթե շարունակ հենց դա է քարոզվում՝ լինի արվեստում, երաժշտության մեջ, գրականության թե կինոյի, չհաշված արդեն մնացած ամեն ինչը։
Մեր սերունդն, ի վերջո, պայքարել ու անկախ, ինքնիշխան Հայաստան ունենալու մեր պապերի երազանքն իրականություն է դարձրել ոչ այն բանի համար, որ օտար պետության ղեկավարին դիտենք մեր երեխաների ուղենիշ։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031