«Սիվիլիթաս» հիմնադրամը Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրատարակել է «Հայաստան եւ հարեւաններ. 20 տարի թվերով» ուսումնասիրությունը:
Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նկատում է, որ Խորհրդային միության փլուզումից հետո, Հարավային Կովասում տեղի ունեցած փոփոխությունները հսկայական են, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն անցել են անհամաչափ, հաճախ անբարենպաստ, երբեմն ոգեւորող զարգացումների միջով, բայց այդ փոփոխություններն ավելի պակաս դրամատիկ են թվում, երբ համեմատում ենք Կովկասին հարակից տարածաշրջանի մեծ պետությունների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:
Զեկույցում ներկայացված են վիճակագրական բազմաթիվ ուշագրավ տվյալներ, ըստ Հարավային Կովկասի նաեւ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ եւ միջազգային պաշտոնական կառույցների: Որոշ օրինակներ:
Կարդացեք նաև
Եթե 1991 թվականին Հայաստանի բնակչությունը 3,633 միլիոն մարդ էր, ապա 20 տարի անց՝ հիմա 3,263 միլիոն: 20 տարում Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 10 տոկոսով: Վերջին 20 տարում 18,25 տոկոսով նվազել է Վրաստանի, 3,7 տոկոսով Ռուսաստանի բնակչությունը: Իսկ ահա Իրանի Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակչությունները աճել են համապատասխանաբար 33,28, 37,76 եւ 24,4 տոկոսներով: Ղարաբաղի բնակչությունն էլ է աճել՝ 143 հազարից դառնալով 144 հազար:
Զեկույցում 0-25 միավորանոց սանդղակով գնահատվել է պետության դյուրաբեկությունը. 0-ն՝ դյուրաբեկության բացակայությունն է, 25-ը՝ ամենադյուրաբեկ լինելը: Ըստ զեկույցի, նշված վեց երկրներից ամենադյուրաբեկը Իրանն է՝ 15 միավոր եւ Ադրբեջանը՝ 14 միավոր: Հայաստանը ամենաոչդյուրաբեկն է այստեղ՝ 7 միավոր, հետո Ռուսաստանը՝ 8, Վրաստանը՝ 9, Թուրքիան՝ 10:
Քաղաքական անկայությունը գնահատված է 0-10 սանդղակով. 0-ն ոչ խոցելի, 10-ը՝ ամենախոցելի: Այս հարթությունում լավ են Ադրբեջանի գործերը՝ 5,2 միավոր: Հայաստանը պակաս կայուն է՝ 5,8 միավոր, ամենախոցելին Թուրքիան է՝ 6,8 միավոր:
Քաղաքական կայություն եւ բռնություն բաղադրիչը 0-1 սահմանում է. 0-ն՝ անկայուն, 1-ը՝ կայուն: Այստեղ ամենավատ վիճակում է Իրանը՝ 0,6, ամենալավ վիճակում Ռուսաստանը՝ 0,88, Թուրքիան՝ 0,87, Հայաստանը՝ 0,85:
Զեկույցի հեղինակները 1-7 միջակայքում գնահատել են քաղաքական իրավունքները. 1՝ բարձրագույն աստիճան, 7-ը՝ նվազագույն: Ըստ այդմ, քաղաքական իրավունքների ազատության գրեթե չկա Հայաստանում, Ռուսաստանում, Իրանում, Ադրբեջանում՝ 6 միավոր: Նույն ձեւով գնահատվել են քաղաքացիական ազատությունները ու այստեղ վիճակը քիչ բարվոք է. Հայաստանը չորս է ստացել: Իրանում է, որ քաղաքացիական ազատություն էլ գրեթե չկա՝ էլի 6 միավոր:
Քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների բացակայությունը սակայն Իրանի քաղաքացիներին չի խանգարում սնվել: Իրանում թերսնվում է բնակչության միայն 5 տոկոսը: Նույնքան թերսնվող կա նաեւ Թուրքիայում եւ Ռուսաստանում: Ադրբեջանում եւ Վրաստանում կիսասոված է բնակչության 11-12 տոկոսը, Հայաստանում՝ 23 տոկոսը:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ