ԲՀԿ-ն, որ այդքան հայտարարում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու իր ցանկության մասին, Հրազդանի տեղամասային ընտրական հանձնաժողովների իրեն պատկանող տեղերը տվել է քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք մեծ մասամբ ՀՀԿ- ական են։ Երեկ այս մասին մեզ հայտնեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագումյանը։ Երբ խնդրեցինք կոնկրետ փաստեր նշել, պարոն Ավագումյանն ասաց. «Խոսքը վերաբերում է, օրինակ, Հրազդանի թիվ 25/3 տեղամասին, որի ԲՀԿ–ի քվոտայով հանձնաժողովի նախագահը քաղաքապետարանի կրթության, մշակույթի բաժնի պետն է, 25/6 տեղամասում հանձնաժողովի ԲՀԿ քվոտայով նախագահը քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետն Է, 25/9 տեղամասում՝ կոմունալ բաժնի պետը, մեկ այլ տեղամասում՝ քաղաքապետի խորհրդականը։ Սա միայն հանձնաժողովի նախագահների մասով։ Նույնը վերաբերում Է նաեւ հանձնաժողովի անդամներին»։ Ավագումյանը նկատեց, որ նման պրոցեսների մասին լսել է նաեւ ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի դեպքում, սակայն դեռ կոնկրետ ոչինչ չի կարող ասել։
ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը երեկ մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ ԲՀԿ-ի տեղերը տրամադրվել են այլ անձանց։ «Բոլոր տեղամասերում հանձնաժողովների անդամներ եւ նախագահներ նշանակել է ԲՀԿ–ն»,- ասաց Մհերյանը:
«Հայկական ժամանակ»