Ներկայացնում ենք հատվածներ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Գրիգորյանի՝ «Ժողովրդին» տված պարզաբանումներից՝ քաղաքացուն «բոմժ» անվանելու կապակցությամբ: Զուգահեռ նաեւ նորից ենք ներկայացնում «Առավոտի» տեսանյութերն այդ միջադեպի վերաբերյալ: Համեմատեք:
– Պարոն նախարար, ինչո՞ւ եք վիրավորել քաղաքացուն, որը, իր սոցիալական վատ վիճակից ելնելով, մոտեցել էր Ձեզ։
– Ես ցավում եմ, որ այն տեսանյութը, որը պտտվում էր համացանցում, իրականությունն ամբողջությամբ չի արտացոլում։ Իրականում միջին տարիքի այդ մարդը մոտեցավ ինձ, պահանջեց իրեն ուղարկել բոմժանոց։ Ես ասացի՝ եթե դու բոմժ ես, ես կուղարկեմ քեզ բոմժանոց, բայց դա չի կարող լինել քեզ համար մշտական բնակության վայր, քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող Անօթեւանների ժամանակավոր կացարանում 60 օր մնալուց հետո մարդիկ պետք է հեռանան։ Այդ քաղաքացին նաեւ պահանջում էր, որ իրեն գոնե ծերանոց տեղավորեմ, որ մշտապես մնա գոնե այնտեղ։ Բայց ծերանոցում տարիքային շեմ կա, միայն կենսաթոշակային տարին լրացած քաղաքացին կարող է ծերանոցում բնակվել։ Իսկ ինքը երիտասարդ է, չենք կարող նրան ծերանոց ընդունել։
– Ամեն դեպքում փաստ է, որ ՀՀ քաղաքացին մոտեցել է Ձեզ, եւ Դուք վիրավորել եք նրան։
Կարդացեք նաև
– Ես չեմ վիրավորել։ Ես Ձեզ բացատրեցի իրավիճակը, Դուք տեսել եք մեր զրույցի մի հատվածը միայն։ Ու դա բազում փաստաթղթերով մշտապես իրեն բացատրվել է։ Եթե մարդը չի հասկանում եւ փորձում է շոու սարքել, ի՞նչ ասեմ։ Իր խնդիրն է։ Ես իմ լիազորությունների շրջանակներում եմ գործում։ Ես նրան չեմ կարող տեղավորել Անօթեւանների ժամանակավոր կացարանում։