ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության երկու անդամներ Վեհաժողովի հունվարի 24 –ի նիստում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանից հետո հարցեր ուղղեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնին:
Ռաֆայել Հուսեյնովն իր խոսքի սկզբում նախ երախտագիտություն հայտնեց 2005 թվականի հունվարի 25-ին ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձեւի համար, որը մշակել էին Բրիտանիայի պատվիրակներ Թերի Դեւիսը եւ Դեյվիդ Աթկինսոնը: Եվ հարց ուղղեց. «Իբրեւ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք պատրաստվում, Ձեր լիազորությունների շրջանակում, նպաստել հայկական բռնազավթումից ադրբեջանական տարածքների ազատագրմանը եւ ադրբեջանցի մեկ միլիոն փախստականների եւ տեղահանվածների վերադարձին իրենց հայրենիք»:
Դեյվիդ Լիդինգթոնը շեշտեց, որ առաջին հերթին պատասխանում է իբրեւ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ ու հիշեցրեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության պատասխանատվությունը Եվրոպայի խորհրդինը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկ խմբինը»:
Իսկ իբրեւ Միացյալ Թագավորության նախարար՝ հավելեց. «Մենք ձգտում ենք անել այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է՝ աջակցելու Մինսկի խմբի համանախագահներին: Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ անցած տարվա ընթացքում իմ զրույցներում ես ընդգծել եմ կարեւորությունը ստեղծելու վստահության մթնոլորտ եւ երկու կողմերին էլ՝ զերծ մնալ գրգռիչ հռետորաբանությունից: Եվ ես նրանց փորձել եմ խրախուսել ձեռնարկել քայլեր, որոնք կարող են նվազեցնել ու վերացնել մարդկային կորուստները, որոնք դեռեւս ամեն տարի տեղի են ունենում շփման գծում»:
Կարդացեք նաև
Հաջորդը հարց ուղղեց Գանիրա Փաշաեւան, որը նկատեց, թե Մեծ Բրիտանիան նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է այս հակամարտության մեջ դրա դերի եւ գործունեության մասին՝ հաշվի առնելով, որ արդեն երկու տասնամյակ է, հնարավոր չի լինում հասնել լուծման:
Դեյվիդ Լիդինգթոնը նշեց, թե իհարկե՝ ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը, իրենք էլ են ԵԱՀԿ անդամ. «Բայց մենք Մինսկի խմբի համանախագահներից մեկը չենք: Չեմ կարծում, թե Միացյալ Թագավորությունը կարող է պարզապես «փոխել ձիերին» եւ իրենով փոխարինել այն, ինչ անում են Մինսկի խմբի համանախագահողները»:
Համոզմունք հայտնեց, որ ի վերջո կլինի համաձայնություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. «Եվ կավարտվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը, որը շատ երկար կտրված է եվրոպական հիմնական զարգացումներից:
Երբ ես Ադրբեջանում էի 2010-ին՝ ԼՂ հարցը քննարկել եմ նորին գերազանցություն նախագահի եւ Ադրբեջանի այլ առաջնորդների հետ: Հույս ունեմ այս տարի ավելի ուշ այցելել Հայաստան եւ այնտեղ էլ ունենալ քննարկումներ: Մեծ Բրիտանիան կանի այն, ինչ կարող է՝ խթանելու խաղաղությունն ու հաշտությունը: Մենք հավատում ենք, որ սա խորապես բխում է Ադրբեջանի եւ Հայաստանի շահերից, եւ չեմ կարծում, թե ունենք կախարդական գավազան, որ վերջ տանք հակամարտությունը»: