ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր ԵԽԽՎ նիստի ժամանակ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնած՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնին. «2 օր առաջ «Թայմսը» տպագրել էր հոդված, որտեղ Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Վիլյամ Հագը տեսակետ էր հայտնել Ֆոլկլենդյան կղզիների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Ըստ նրա՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կա և միշտ էլ կլինի բրիտանական քաղաքականության անկյունաքարը: Պետ. Քարտուղարը նաեւ վստահորեն նշել է, որ Ֆոլկլենդյան կղզիների ապագան այդ ժողովրդի ձեռքում է, և իրենք են միայն իրավասու որոշելու իրենց ապագան, ինչպես նաեւ՝ իրենք պետք է ընտրեն իրենց ղեկավարներին: Կուզենայի իմանալ՝ ո՞րն է ինքորոշման իրավունքի ձեր սահմանումը եւ ինչո՞ւ մի ժողովրդի դեպքում դուք այն համարում եք կիրառելի, մեկ ուրիշ դեպքում՝ ոչ»:
Նախարարն ի պատասխան մասնավորապես ասաց. «Ես կչարաշահեի Վեհաժողովի համբերությունը, եթե դետալ առ դետալ անդրադառնայի Ֆոլկլենդյան կղզիների պատմությանը: Սակայն մենք ունենք մարդկանց մի խումբ՝ պատմական հստակ եւ ժառանգական ինքնությամբ, որոնք քվեարկել են, որպեսզի շարունակվեն կառավարվել իբրեւ բրիտանական արտասահմանյան տարածք: Թեեւ մենք ցանկանում ենք ունենալ ավելի լավ հարաբերություններ Արգենտինայի հետ՝ կարծում ենք, որ Արգենտինայի գործն է համոզել Ֆոլկլենդյան կղզիներին ավելի սերտ հարաբերություններ ունենալ իր հետ: Եթե արգենտինացիները կարողանան անել դա՝ խնդիր է նրանց համար:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ինքնորոշման հարցին՝ դա պայմանավորված է մի փոքր տվյալ երկրի կամ տվյալ տարածքի պատմությամբ, եւ երբեմն հանգամանքները փոխվում են ժամանակի ընթացքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին մենք հավանաբար հեշտորեն չէինք խոսի Պաղեստինյան ազգայնականության մասին: Այժմ Բրիտանական կառավարությունը կասկած չունի, որ Պաղեստինի բնակիչներն իրենց համարում են ազգ, որի պատճառով մենք աջակցում ենք նրանց վճռականությանը՝ լուծելու Մերձավոր Արեւելքում երկու պետությունների խնդիրը»:
Նաիրա Զոհրաբյանից հետո բրիտանացի նախարարին իրենց հարցերն ուղղեցին Ադրբեջանի պատվիրակները: Դրանք կներկայացնենք առանձին:
Կարդացեք նաև