Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկան. «Տիգրան Առաքելյանը կախվել էր դոշիցս» (տեսաշար)

Հունվար 24,2012 20:15

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ 7 ակտիվիստների դեմ քննվող գործի ժամանակ տուժող ոստիկաններից մեկը՝ Դավիթ Մելիքյանը, դատաքննական ցուցմունքներ տալիս ասաց, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանն իրենց անձնական վիրավորանք է հասցրել՝ ասելով. «Դուք ի՞նչ միլիցա, դուք քյառթու կուրաժիտ եք լինում»: Բացի այդ, նա հայտարարեց, որ օգոստոսի 9-ին, երբ տեղի է ունեցել ոստիկանների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ միջադեպը, նա այլ վիրավորանքներ էլ է լսել, չիմանալով, թե ով է ասողը, մասնավորապես, մեկը գոչել է. «Ժողովուրդ, միացեք մեզ, բերետավորներին վերացնենք»: Նա հավաստիացնում էր, որ չնայած այս ամենին իրենք ամեն ինչ արել են «ակուրատնի»:

Դատարանում 3 տուժած ոստիկանների՝ Դավիթ Մելիքյան, Վոլոդյա Գրիգորյանի եւ Վարուժան Գասգադյանի, տված ցուցմունքների համաձայն, ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանության ներկայացուցիչներից 2-ը՝ Դավիթ Մելիքյանը եւ Վոլոդյա Գրիգորյանը, Խնկո Ապոր գրադարանի մոտ մոտեցել են մի քաղաքացու, որն իր շանն է ման տալիս եղել եւ խնդրել, որ կենդանուն «նամորդնիկ» հագցնի, քաղաքացին նման բան իր մոտ չի ունեցել, բայց խոստացել է, որ հարցը կլուծի եւ հեռացել է: Դրանից հետո, մոտերքում գտնվող ՀԱԿ ակտիվիստները՝ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը սկսել են հայհոյել ոստիկաններին, ասել են «բավական է, որ կարմիր բերետավորները մեր կյանքն ուտեն»: 2 ոստիկանները, չկարողանով նրանց կարգի հրավիրել, կապով օգնության են կանչել պարեկային ծառայության աշխատակիցներին: Դրանից հետո կրկին քաշքշուկ եւ խառնաշփոթ է եղել, ու երիտասարդներից ամենաակտիվներին բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնի բաժին: Այստեղ երիտասարդները կրկին հայհոյել են, սեղաններ եւ աթոռներ են կոտրել, հարվածել են պատերին: Բաժնում էլ պարզվել է նաեւ, որ ոստիկան Տիգրան Ավետիսյանի քիթը ջարդված է, եւ ջարդողն էլ Տիգրան Առաքելյանն է: Վերջինս արդեն 5 ամիս անազատության մեջ է: Հատկանշական է, որ ոստիկան Դավիթ Մելիքյանը նշեց, որ ակտիվիստներին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կիրառել են ձեռնամարտի հնարքներ:

Դատը վարող դատավոր Գագիկ Պողոսյանի թույլտվությամբ՝ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը, դիմելով ոստիկան Դավիթ Մելիքյանին, հարցրեց, թե որո՞նք են այդ հնարքները, եւ ինչո՞ւ մինչ այդ իրենք չէին կիրառում այդ հնարքներից: Վերջինս պատասխանեց. «Հնարքն այնպիսին էր, որ ձեր ձեռքերը ծալվեին մեջքի հետեւում, իսկ մինչ այդ մենք ձեզ ուղղակի կարգի էինք հրավիրում»: Տիգրան Առաքելյանը շարունակեց՝ հարցնելով, թե ինչպե՞ս էին կարգի հրավիրում ՀԱԿ ակտիվիստներին: Ոստիկան Դավիթ Մելիքյանը պատասխանեց. «Մենք ասում էինք, որ չի կարելի հասարակական վայրում այդպես պահել, ասում էինք` լավ էլի, մի արեք: Իսկ այդ ժամանակ Տիգրանը կախվել էր դոշիցս»:

Տուժող ոստիկան Վարուժան Գասգադյանն էլ ասաց, որ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին առաջ էլ է տեսել նման արարքներ անելիս. «Ուղղակի անցած 2 անգամներն արել են եւ մարսել»: Նա հայտնեց, որ ՀԱԿ ակտիվիստների հետ աղջիկներ էլ են եղել, որոնցից մեկը նկարահանում է արել. «Նրանք էլ էին նույն կերպ իրենց պահում, ուղղակի չէին հայհոյում: Երբ հրամանը եղավ, ես Դավիթ Քիրամիջյանին էի ուզում մեքենա նստեցնել եւ նրան ձեռքերը ոլորած տանելու ժամանակ, նա ոտքը մտցել է իմ ոտքերի արանքը եւ մենք 2-ով ընկել ենք գետնին: Ես վնասել եմ ոտքս, նա ճակատը»:  

Քանի որ պաշտպանական կողմը չէր հավատում ոստիկանների տված ցուցմունքներին, նույն հարցը մի քանի անգամ էր տալիս՝ պարզելու համար` ոստիկանները ճի՞շտ են խոսում, թե՞ ոչ, դատավոր Գագիկ Պողոսյանը մի քանի անգամ նկատողություն արեց պաշտպանական կողմի դատապաշտպաններին եւ ամբաստանյալներին՝ ասելով, որ դրանից հետո արդեն պետք է տուժողներին ստիպեն, որ երդվեն մամաների եւ պապաների արեւ:

Դատական նիստն ընդհատվեց աշխատանքային օրն ավարտվելու պատճառով: Հաջորդ նիստը կլինի հունվարի 27-ին:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031