«Freedom House» կազմակերպությունը մի քանի օր առաջ հրապարակեց «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցը, ըստ որի Հայաստանը համարվել է «մասամբ ազատ» երկիր: Մեր երկիրը մասամբ ազատ էր գնահատվել նաեւ անցյալ տարի:
Այսօր այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ անդամ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից: Նրա դիտարկմամբ`«Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, ինչպես ասեց ԵԺԿ ղեկավարը: Հայաստանումժողովրդավարության զարգացման առումով կատարվում են բազմաթիվ բարեփոխումներ: Քաղաքական կամքի առումով մենք իրականացրեցինք երկխոսություն, եւ գոնե 2011-ը ավելի կոռեկտ էր, ավելի համագործակցությամբ էր արտախորհրդարանական ընդդիմության հետ, քան մինչ այդ: Ազգային ժողովում մենք ընդունեցինք Հանրային ծառայողի մասին օրենքը, էթիկայի հանձնաժողովը, բարեփոխեցինք ընտրական օրենսգիրքը, Հավաքների մասին օրենսգիրքը, ասյ ամեն ինչը տանում է նրան, որ մենք գնում ենք ժողովրդավարական զարգացման»: Մեր հարցին` այդ դեպքում ինչո՞ւ «Freedom House»-ի ցուցանիշներում դա չի երեւում` պարոն Շարմազանովը պատասխանեց. « Freedom House –ը հեղինակավոր կազմակերպություն է, ոչ միշտ է, որ հանդես գալիս օբյեկտիվ գնահատականներով, որոշ դեպքերում ունենում է թերի գնահատական: Մարդ չգիտի, թե երբ է ստեղծվել Freedom House-ը: Ընդամենը մի օրինակ բերեմ, այդ կազմակերպությունը ժամանակին արդարացրել է ամերիկյան ուժերի ինտերվենցիան Վիետնամում, հիմա սա օբյեկտի՞վ է, թե՞ օբյեկտիվ չէ: Կարող է մեկը Միացյալ Նահանգներում գտնում է, որ ճիշտ է, բայց Վիետնամում էլ գտնում են, որ դա եղել է իրենց ներքին գործերին միջամտություն: Ես ընդամենը մի բան կարող եմ ասել` ընդունելով, որ մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` ժողովրդավարական, բայց ասել, որ այս ընթացքում որեւէ առաջընթաց չի եղել` գոնե դրա համար ես հիմքեր չեմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ