Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի գործով դատավորը որոշել է խիստ լինել

Հունվար 24,2012 18:33

Հունվարի 24-ին ժամը 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում վերսկսվեց Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը:

Նախկինում դատարանը սույն գործով արտագնա նիստեր էր անցկացնում Երեւանում՝ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում: Տավուշի մարզկենտրոնում անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել դատարանի նոր շենք, եւ նիստը կայացավ նորակառույցում:

Նիստից բացակայում էին տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանը, Ռուբեն Մարտիրոսյանը, ամբաստանյալների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Լեւոն Պողոսյանը, Ազատ Շահբազյանը, Հրանտ Գեւորգյանը: Ներկա էին գործով մեղադրողներ Հարություն Հարությունյանը, զինվորական դատախազ Հայկ Հարոյանը: Պաշտպան Լեւոն Պողոսյանը դատարանին հայտնել էր, որ նիստին չի կարող մասնակցել, քանի որ Երեւան-Իջեւան ճանապարհը դժվար երթեւեկելի է: Դատավոր Սամվել Մարդանյանը տարակուսեց, քանի որ Երեւանից դատին ներկայացել էին գործով մեղադրողները, ռազմական ոստիկանությունը մայրաքաղաքից դատարան էր բերել կալանքի տակ չգտնվող, զինծառայությունը շարունակող ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսյանին: Դատարանում էին նաեւ գործով ամբաստանյալները :

Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանի քույրը եւ մայրն այսօր ՍԴ-ում մասնակցում էին իրենց դիմումի քննությանը:

Դատավոր Մարդանյանն Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, իրավահաջորդի ներկայացուցիչների, ամբաստանյալների պաշտպանների բացակայությունները համարեց անհարգելի, ասելով. «Կարծում եմ, որ նրանց անհարգելի բացակայությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան դատական նիստերի կայացման համար: Մասնավոր անձինք չեն կարող արդարադատության իրականացման համար խոչընդոտներ ստեղծել: Ստանձնելով համապատասխան կարգավիճակ, նրանք պետք իրենց լիազորությունների շրջանակում գործեն, իսկ դրանց մեջ հստակ նշված են նրանց իրավունքները եւ պարտականությունները»:

Դատավորը կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին հարցրեց` դուք նույնպե՞ս տեղյակ չեք ձեր պաշտպանների բացակայության մասին: Ամբաստանյալները հաստատեցին, որ տեղյակ չեն:

Դատավորը նաեւ ասաց, որ նիստերի հետաձգումը, ձեռնտու չէ ամբաստանյալներին. «Ի՞նչ է նշանակում տեւական ժամանակ կալանքի տակ գտնվել»:

Սամվել Մարդանյանը տեղեկացրեց, որ դատական կարգադրիչներն Իջեւանի դատարանի դահլիճում եւ դահլիճից դուրս ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնելու, եւ որեւ վկայի, զինվորի ծնողի կամ որեւէ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք թույլ չի տրվելու:

«Երեւան քաղաքում կայացած դատական նիստերը ցույց տվեցին, որ պետք է խիստ լինել եւ դատարանի սանկցիաները բոլորի նկատմամբ անխտիր կիրառել, նախորդ նիստերի ժամանակ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեցինք: Եթե փաստաբանը երկրորդ անգամ հրաժարվի նիստին մասնակցել, ստիպված կլինենք այլ փաստաբանով ձեզ ապահովել եւ շարունակել դատը»,-ամբաստանյալներին ասաց դատավոր Մարդանյանը:

Նիստը տեւեց կես ժամ: Դատավորն այս գործով դատական հաջորդ նիստը նշանակեց հունվարի 31-ին, ժամը 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031