Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանն առաջարկում է ոչ թե odnoklassniki-մտնել, այլ` ազգային համագործակցության ցանց

Հունվար 24,2012 18:26

Այսօր Հանրային խորհրդում Ազգային համագործակցության ցանց ստեղծելու մասին քննարկման ժամանակ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը քաղաքական կուսակցություններին առաջարկեց  իրենց նախընտրական ծրագրերում անպայման ընդգրկել ազգային համագործակցության ցանց մտնելու հարցը: Առաջիկայում պարոն Սադոյանը պատրաստվում է մեկ առ մեկ հրավիրել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին ու իմանալ նրանց վերաբերմունքն առաջարկի մասին: Այսօր հերթը ՀՀԿ-ինն էր, որի անդամ եւ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը սկզբունքորեն կողմ էր դրան: Ըստ նրա` «Մենք ոչ թե 3 մլն ենք, այլ` 10 մլն, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս, որ մենք առանց միջնորդի քննարկենք ու լուծենք սկսած մեր տնտեսական հարաբերություններից մինչեւ համազգային հարցերը, երկկողմ հարաբերությունները: Ինֆորմացիոն պատերազմի այդ քամին պետք է այնպես օգտագործենք, որ էներգիա ստանանք, այն էլ` դրական էներգիա : Չես կարող մեկուսացված ապրել»: Ըստ պարոն Սադոյանի, առաջին հերթին Ազգային համագործակցության ցանցի միջոցով պետք է հասնել ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը, Արցախի ճանաչմանը: Պարոն Սադոյանը նաեւ նշեց, որ պետք է համացանցում ունենալ մեր ազգային վիրտուալ տարածքը. «Ժողովրդին պետք է սովորեցնենք ոչ միայն odnoklassnik-ներում 1-2 անել, այլ` իսկապես համացանցից արդյունավետ օգտվել, իսկ դա արդեն քաղաքական խնդիր է դարձել»:

ԳԱԱ ակադեմիկոս, Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանի կարծիքով` Չինաստանն ու հրեաները նույն խնդիրներն ունեն, ինչ մենք, սակայն նրանք մեծ հաջողությունների են հասել, իսկ մենք մեծ հնարավորություններ ունենք, բայց դրա 10 %-ն էլ չենք օգտագործում. «Երբ տարին մեկ անգամ դրամահավաք ենք կազմակերպում Ղարաբաղի համար, ես ինձ միշտ շատ վատ եմ զգում այդ օրը, երբ տեսնում եմ, որ կարողանում են հավաքել մի 15 մլն դոլար, որը պրակտիկորեն ոչ մի հարց չի լուծում, ունենք մեծահարուստներ, որոնց ունեցածի 0,1 %-ն էլ չի կազմում այդ գումարը, տեսեք մեր հնարավորությունները եւ այն, թե ինչի ենք կարողանում հասնել: Տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս լուծել ազգային հարցերը»:

Aravot.am-ի հարցին` ենթադրվում է, որ ձեր նախաձեռնության համար գումարներ են պետք, հաշվե՞լ եք, թե որքան գումար է անհրաժեշտ` պարոն Սադոյանն ասաց, որ փողը, ինչպես որ լավ գինին, երբեք շատ չի լինում. «Եթե միջոցները շատ լինեն` կարագացնենք կառույցի ստեղծումը, եթե ոչ` գոնե կստեղծենք փոխօգնության կառույց, որը կօգնի առանց օպերատորներին բարձր սակագներով վճարումներ կատարելու, հեռակապ ստեղծել ավելի էժան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031