Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» պահանջում է անվավեր ճանաչել Քաջարանի վերաբերյալ որոշումը

Հունվար 24,2012 16:19

ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը 2011 թվականի աշնանից ՀՀ Սյունիքի մարզպետը փորձել է կյանքի կոչել, սակայն դա չի հաջողվել, քանի որ հողերի սեփականատերերը և լայն հասարակայնությունը կտրականապես դեմ են եղել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված ծրագրին:

Քաջարան համայնքի ղեկավարի բողոքի հիման վրա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Ձեզ, որի արդյունքում ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը 2011թ. դեկտեմբերի 16-ին այցելել էր Քաջարան և տեղում անցկացրել նիստ-քննարկում: Քաջարան գյուղ կատարած այցի արդյունքում, համաձայն արձանագրության, որոշում է ընդունվել` առաջարկել «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը` ուսումնասիրել արդյունահանման այլընտրանքային ուղիներ:

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը 2011 թվականի դեկտեմբերի 22-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որով պահանջում էր անհապաղ անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը` սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա գյուղերի` Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի, Սյունիքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու և օտարման վերաբերյալ:

«Ժառանգություն» կուսակցությունը դեկտեմբերի 18-ին և 24-ին կազմակերպել էր աշխատանքային այց Սյունիքի մարզ` սատարելու մարզի բնակիչների պայքարին ընդդեմ ՀՀ կառավարության  2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման:

2011 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջև լայն հասարակայնության և Քաջարան համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի էր ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցների պահանջն էր անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումը:

2011 թվականի հունվարի 10-ին և 16-ին «Առավոտ» օրաթերթը հարցազրույց է հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ, որից մեջբերում ենք.  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել` չնայած այդ տարածքում են գտնվում մոլիբդենի հսկայական պաշարներ. «Իրականում էդ հողերը մեզ հիմա պետք չեն: Էդ գյուղի տարածքը կոմբինատին պետք չի: Ոչ էլ որևէ մեկը ասում ա՝ տվեք ինձ, իրենք են հենց-նենց ոռնոցները գցել»: «Հիմա գյուղը ավիրո՞ւմ եք, թե՞ չէ» հարցին ի պատասխան էլ ասաց. «Մի ժամանակ ամբողջ հանրապետության տարածքով մեկ տարածվեց, որ հողը քո սեփականությունն ա, նրա տակի ընդերքն էլ հետը: Ու մարդիկ` կեսը հասկանալով, կեսը չհասկանալով, հողը վերցնում էին, 99 տարով պայմանագիր էին կապում` արոտավայր, վարելահող կամ չգիտեմ թե ինչ, հետո էլ մտքներին դնում էին ծախեին: Ես որ հետաքրքրվեցի, իմացա, որ Քաջարան գյուղում տենց բան կա, հանրապետության նախագահին ասեցի,  խնդրեցի, որ գերակա շահ ճանաչեն, որ էդ մարդիկ իրավունք չունենան օտարելու: Թե չէ կստացվի, որ ինչ-որ մի գյուղապետ, վերցնում է, ու Հայաստանի հանքերը ծախում: Ես էլ առաջարկեցի, առաջարկել եմ, ու հիմա էլ առաջարկում եմ՝ թող դա ես վճարեմ, ձևակերպումները փաստաթղթերով անեմ, ինչ ուզում են` անենք, ինչ ցանկանում են` անենք, իրանք էլ թող ապրեն, ինչքան ուզում են ապրեն»:

«Այսինքն՝ չե՞ք ուզում գյուղը քանդել»` հարցնում է լրագրողը: «Որ ուզենանք  էլ՝ չենք կարող հիմա քանդել, դա փողերի, ծավալների, մեծ գործերի հետ է կապված»,-պատասխանել է Մաքսիմ Հակոբյանը: «Ուղղակի ուզում եք սեփականաշնորհե՞լ»,-հետևում է հաջորդ հարցը: «Դա սեփականություն չի: Եթե առնում էլ ենքդա չի դառնում մեր սեփականությունը, մենք հետ ենք տալիս պետությանը, նորից պայմանագրով հետ ենք վերցնում՝ մշակման ժամանակաշրջանի տարիներով` կառուցապատման իրավունքով, մենք իրավունք չունենք մեր սեփականությունը լինի: Ուղղակի այնպես պիտի անենք, որ չվերցնեն էդ հողերը տան ուրիշին»,-ասում է Մաքսիմ Հակոբյանը:

 

 Հիմք ընդունելով վերոգրյալը` ակնհայտ է, միանշանակ և անվիճելի, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի  թիվ 627-Ն որոշմամբ նախատեսված`

  • Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները, իրականությանը չեն համապատասխանում,
  • ՀՀ Սյունիքի մարզի համայնքների` Քաջարանի /181.7 հեկտար/, Արծվանիկի /257.62 հեկտար/, Սևաքարի /91.53 հեկտար/, Աճանանի /9.5 հեկտար/, Չափնիի /16.1 հեկտար/, Սյունիքի /51.8 հեկտար/ հողերի նկատմամբ ճանաչումը բացառիկ գերակա հանրային շահ չէ, այլ հետապնդում է մասնավոր անձի շահ:
  • Հետևյալ հիմնավորումները, թե ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ` ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն, բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ, գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ուղղակի կեղծիք են:

ՀՀ կառավարության 627-Ն որոշումը նաև փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է այն հայեցակարգը, թե որ հանքավայրերը ընդհանրապես չի կարելի շահագործել, որ հանքավայրերը պետք է պահպանվեն ապագա սերունդների համար կամ առկա յուրաքանչյուր հանածո հարստությունից տարեկան ինչ քանակություն կարելի է օգտագործել, չկա նույն հանքատեսակի տարեկան օգտագործման չափաբաժնի սահմանումը:

Հանքահանությունը օգտակար ու տանելի է իր չափի մեջ: Խորհրդային տարիներին Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվում էր տարեկան 7-8 միլիոն տոննա ծավալով, սակայն այժմ ցանկանում են տարեկան օգտագործել մինչև 50 միլիոն տոննա հանքաքար, երբ տասնամյակներ առաջ ծրագրվել էր այդ հանքավայրը շահագործել 300-350 տարիների ընթացքում:

Հաշվի առնելով ոչ միայն վերը թվարկվածը, այլ նաև այն, որ ՀՀ կառավարության  2011 թվականի ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշումն ընդունվել է Միջազգային նորմերի և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ` պահանջում ենք անհապաղ անվավեր ճանաչել այդ որոշումը:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

24 հունվարի 2012թ., Երևան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031