Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Աթանեսյան. «Ալիեւի ընկալումներն էվոլյուցիա չեն ապրել»

Հունվար 24,2012 16:05

«Որ եռակողմ հանդիպումը նորություն չի բերի, դրանում ոչ մի փորձագետ եւ վերլուծաբան կասկած չուներ: Եվ չնայած «համատեղ հայտարարությանը», ըստ էության այդպես էլ կա: Ճիշտ կլինի թերեւս ասել, որ Սոչիի հանդիպման գլխավոր նշանակությունն այն է, որ բանավեճը կշարունակվի կողմերի քաղաքական, փորձագիտական եւ վերլուծաբանական շրջանակներում, միջնորդները կսպասեն իրենց երկրներում, Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում ընտրական գործընթացների ավարտին: Իսկ դրանք «կփակվեն» 2013-ի տարեվերջին` Ադրբեջանի նախագահի ընտրություններով»,- Սոչիում կայացած նախագահներ Մեդվեդեւի, Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպման արդյունքների մասին,  Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Այս համատեքստում մեր զրուցակցին առավել հետաքրքրական է թվում մեկ բան. «Կառաջադրվի՞ երրորդ ժամկետով Իլհամ Ալիեւը, թե՞ ոչ: Կարծում եմ, որ «խաղի կանոններին» չհակադրվելու կեցվածքը, որ նա դրսեւորեց Սոչիի հանդիպմանը, պայմանավորված չէ նրա ընկալումների էվոլյուցիայով»: Պարոն Աթանեսյանի տպավորությամբ, դա միջազգային աջակցություն ունենալու նպատակ է հետապնդում, քանի որ ամեն դեպքում երրորդ ժամկետով նախագահությունը, չնայած Ադրբեջանի սահմանադրությունը չի արգելում, արտաքին աշխարհում կարող է խնդիրներ առաջացնել: Բայց մյուս կողմից Իլհամ Ալիեւն այդ կերպ կարող է հասնել նրան, որ միջնորդները, միջազգային հանրությունը գործ ունենան «իրավիճակը բացառապես անձնական հեղինակությամբ վերահսկող գործչի» հետ. «Դա շատ վտանգավոր կլինի: Այդպիսի նախանշաններ կան. Իլհամ Ալիեւն ասում է. «Կամ խաղաղ ճանապարհով, կամ պատերազմով` միեւնույն է, մենք կհասնենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության»:

Փորձաքարը դա է` ԼՂ կարգավիճակի հարցը եւ Սոչիում, մեր զրուցակցի տպավորությամբ, նման սուր հարցերի չեն անդրադարձել: «Այն իրավիճակում, երբ գլխավոր միջնորդի ապագան պարզ է, նա հեռանում է, անիմաստ կլիներ որեւէ սկզբունքային բանավեճ ծավալել: Ինչոր տեղ դա կարելի է նույնիսկ Մեդվեդեւի «վաստակի գնահատման» հանդիպում անվանել»,- ասում է Վահրամ Աթանեսյանը:

Պարոն Աթանեսյանի համոզմամբ, ամեն ինչ մնում է այնպես, ինչպես Կազանից հետո է. կա խնդրի լուծման գնալու անհրաժեշտության գիտակցում, քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունն  այնինչ, ադրբեջանական կողմում բացակայում է: Նրանք շարունակում են միակողմանի զիջումներ ակնկալել: Իսկ միջնորդները նոր գաղափարներ չունեն: «Ինձ հավական է թվում, որ միջազգային հանրության ընկալումներում սկսի գերիշխել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը որպես միակ եւ ոչ շատ ցավալի հանգուցալուծում տեսնելու պատկերացումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031